շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ից բռնի տեղահանված 935 ուսանողի ուսման վարձը

Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ից բռնի տեղահանված 935 ուսանողի ուսման վարձը

Կառավարության՝ դեկտեմբերի 21-ի չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված է երկու նախագիծ, որոնք վերաբերում են ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձերի փոխհատուցմանը:

Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ կա ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կա՛մ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կա՛մ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես այդ ֆինանսավորման աղբյուրը հնարավոր չէ շարունակել:

«Այս երկու խմբի ուսանողների համար էլ կայացվեց որոշում, որովհետև նրանց համար կրթության իրավունքի վերականգնման խնդիր չունենք, որովհետև այս ուսանողները մեր ուսումնական հաստատությունների ուսանողներ են եղել, և շարունակում են լինել: Բայց ունեինք ֆինանսական աջակցության կոնկրետ խնդիր: Երկու նախագծերից մեկով կարգն է հաստատվում, մյուսով միջոցներ են վերաբաշխվում:

Շուրջ 935 ուսանողի մասին է  խոսքը, որոնցից 860-ը բուհական կրթության, հետբուհական կրթության համակարգից են, 75 ուսանողը՝ ՄԿՈՒ համակարգից, որոնց մասին տեղեկատվություն է հավաքվել:

Սրանով մենք փոխհատուցում ենք առաջին կիսամյակի ուսման վարձը մոտավորապես 264 միլիոն դրամի չափով, և գումարը նվիրաբերության պայմանագրերով կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին, որտեղ նրանք սովորում են»,- ասաց նախարարը և հավելեց, որ այս որոշման շահառուները հոկտեմբերին ընդունված որոշման նախագծից դուրս մնացածներն են:

«Նախկին խմբում ընդգրկված էին այն ուսանողները, որոնք ուսանող էին ԼՂ-ի ուսումնական հաստատություններում, այժմ հայտնվել էին այստեղ և կրթության շարունակության խնդիր ունեին: Այս պարագայում այդ խնդիրը չկա»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնք ցանկացել են շարունակել ուսումը Հայաստանում, շարունակո՞ւմ են: Նախարարը տեղեկացրեց, որ ավելի քան 1800 ուսանող արդեն բուհերում են սովորում, իսկ ավելի քան 1100-ը՝ քոլեջներում և ուսումնարաններում:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շահառուների ուշադրությունը հրավիրեց մի հանգամանքի վրա. «Հավանական է, որ այս ուսանողների մի մասը, որոնք այսօր դարձան Կառավարության աջակցության շահառու, արդեն իսկ կատարած լինեն իրենց առաջին կիսամյակի վճարները, համապատասխանաբար կխնդրեի ուշադիր լինել, որ երբ մենք այս գումարները վճարենք, բուհերը վերադարձնեն այն ուսանողներին [վճարված գումարները], որոնք, չնայած դժվարություններին, ուսումը շարունակելու համար անցած 1 ամսվա ընթացքում վճարում են կատարել»:

  • Կիսվել: