ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կանգնած նայում էինք, ադրբեջանցիները գալիս էին։ Մտածեցինք՝ երևի խաղաղապահներն ինչ-որ բան կձեռնարկեն, բայց ոչ մի բան չարեցին. Փառուխի գյուղապետ

Կանգնած նայում էինք, ադրբեջանցիները գալիս էին։ Մտածեցինք՝ երևի խաղաղապահներն ինչ-որ բան կձեռնարկեն, բայց ոչ մի բան չարեցին. Փառուխի գյուղապետ

Արցախի Փառուխ գյուղի գյուղապետ Վարդան Միքայելյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համար անհասկանալի է այն, թե ինչպես ադրբեջանցիները մտան գյուղ, իսկ ռուս խաղաղապահները նրանց չկանգնեցրեցին։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։

Ըստ Պաշտպանության բանակի հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
«Կրակոց չի եղել, իրենք ոտքով զենքները ձեռքներին եկել ու մտել են գյուղ։ Իրենք տարբեր ուղղություններով են մտել գյուղ, խաղաղապահները մի ուրիշ ուղղությամբ գնացել են, որ բանակցեն, ադրբեջանցիները մեկ այլ ուղղությունով էլ են մտել։ Մենք էլ չենք հասկանում, թե ինչ է կատարվել։ Կանգնած նայում էինք, ադրբեջանցիները գալիս էին։ Մենք մտածեցինք՝ երևի խաղաղապահներն ինչ-որ բան կձեռնարկեն, կբանակցեն, բայց ըտենց էլ ոչ մի բան չարեցին, չկարեցան կանգնեցնեն։ Թե ոնց եղավ, թե ինչ եղավ, մենք էլ բան չհասկացանք»,- մեզ հետ զրույցում ասաց Փառուխի գյուղապետը։

 

Համայնքի ղեկավարի խոսքով՝ քանի որ գյուղը սահմանամերձ է, մոտ 300 մետր հեռավորության վրա էր ադրբեջանական դիրքերից, բնակիչները, ապրելու պայմաններ չունենալով, աստիճանաբար դուրս էին եկել գյուղից։ Մարտի 24-ին, երբ ադրբեջանցիները շարժվել են դեպի գյուղ, Փառուխում եղել է 6 բնակիչ, ովքեր գյուղապետի ջանքերով տարհանվել են։ Վարդան Միքայելյանն ասաց, որ այդ ուղղությամբ հակառակորդի նպատակը Քարագլուխ բարձունքը վերցնելն է։ «Եթե Քարագլուխը վերցնում են, ահագին գյուղեր արդեն գտնվելու են իրենց վերահսկողության տակ»,- հավելեց նա։

 
 

  • Կիսվել: