երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կալիֆոռնիան և Լոս Անջելեսն Արցախի կողքին են. պետնախարար Արտակ Բեգլարյանի այցը և արդյունքները

Կալիֆոռնիան և Լոս Անջելեսն Արցախի կողքին են. պետնախարար Արտակ Բեգլարյանի այցը և արդյունքները

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն Արցախի առաջին պաշտոնյան է, որ 44-օրյա պատերազմից հետո այցելեց Կալիֆոռնիա։

 1lurer.am-ի փոխանցմամբ, այցն Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հրավերով է՝ հագեցած համայնքի կառույցների, ամերիկացի գործիչների ու հայ հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումներով։ Հանդիպումների առանցքում պատերազմի հետևանքներն ու դրանց վերացման խնդիրն է:

Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Պատերազմի հետևանքով միակ անդառնալի կորուստը կյանքերն են, մնացած ամեն ինչ դառնալի կարող են լինել, և լինել մեր հետագա հզորացման փոխակերպման հիմքերը։

Իրանահայ միությունում կազմակերպված համայնքային հանդիպմանը Արտակ Բեգլարյանը ներկայացրեց՝ ինչ վիճակում է Արցախն այսօր և ինչ կարճաժամկետ, և երկարաժամկետ ծրագրեր ունի Արցախի կառավարությունը:

Արտակ Բեգլարյան - Հիմա Արցախն ավելի լավ վիճակում է, քան նույնիսկ ես սպասում էի։ Ժողովրդագրական առումով լուրջ հաջողություն կա, հարյուր քսան հազար հայ է այսօր բնակվում, այնինչ այս թիվը չէինք ակնկալում: Սա նշանակում է, որ արցախցին ամուր է իր հողին ու կառչած է ու ասում է՝ մենք ապրելու ենք այստեղ՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների։

Արցախի պետնախարարը ամերիկահայ համայնքին ներկայացրեց հինգ հենասյուները, որոնց վրա, իր համոզմամբ, պետք է կառուցվի Արցախի ապագան՝ կայուն անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն և արդյունավետ կառավարում։ Խոսեց այդ հինգ ուղղությամբ անելիքների և իր տեսլականի մասին։

Վահրամ Շեմասյան (Նորթրիջում Կալիֆոռնիայի պետհամալսարանի հայկական բաժնի ղեկավար) - Իր տված բացատրությունները լուսաբանություն են, որ համայնքը պետք ուներ, քանի որ ահագին տարաձայնություններ կան, ժխտական խոսքեր կան, Արցախի անվտանգության, ինքը հստակ, առարկայական, իրապաշտորեն ամենը ներկայացրեց, կկարծեմ՝ մտքերի մեջ բավական լուսաբանություններ տվավ, և հուսամ՝ հունդերը, որ ցանեց, կծլեն ու արդյունք կտան։

Արցախի պետնախարարին ուղղված՝ համայնքի հարցերը վերաբերում էին երկրի գրեթե բոլոր ոլորտներին՝ էներգամատակարարումից մինչև կրթություն ու զբոսաշրջություն։ Հարցերի գերակշռող մասն արտացոլում էր համայնքի գլխավոր մտահոգությունը՝ Արցախի անվտանգությունը։

Արտակ Բեգլարյան - Ես տպավորված եմ ու կարծում եմ՝ մի ուղղությամբ ենք մտածում: Համայքնում կա մեծ էներգիա ու սրտացավություն, բայց շատերը չգիտեն՝ ինչպես օգնել հայրենիքին ու Արցախին: Այս այցը խթան կինի, որ արդյունավետ գտնի ներուժը՝ հանուն հայրենիքի ու Արցախի զարգացման։

Թոմիկ Ալեքսանյան (Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ, գլխավոր գործավար) - Այնքանով որ ժողովուրդը կարողանա գիտակցի, որ Արցախը մնում է, պայքարում է․․․ հույս է ներշնչում, որ մենք իրավունք չունենք հուսախաբվել, կարելի՝ որ նոր ապագա ենք ստեղծում:

Էնթոնի Փորթանթինո (Կալիֆոռնիայի նահանգային սենատոր) - Արցախի պետնախարարի այցը կարևոր է, քանի որ այն պատուհան է բացում, որով սփյուռքը նայում է դեպի Արցախ։ Կարևոր էր նրա ասելիքը, որ մենք բոլորս դեր ունենք խաղալու Արցախում: Ամեն փոքր բանն այնտեղ մեծ օգնություն է։

Համայնքի հետ մեկ այլ հանդիպում կայացավ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում։ Այստեղ էին նաև ամերիկացի պաշտոնյաներ, Կալիֆոռնիայի նահանգային սենատի և ստորին պալատի անդամներ, Լոս Անջելես մարզի կառավարիչներ և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ։ Ելույթներում նրանք ընդգծեցին, որ Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ նահանգը դեռևս 2014 թվականին է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու շարունակում է մնալ Արցախի ժողովրդի կողքին:

Մարիա Էլենա Դուրազո (Կալիֆոռնիայի նահանգային սենատոր) - Պետնախարարն Արցախի պայքարը մարմնավորող կերպար է։ Այցը կարևոր է հատկապես քաղաքական առումով՝ ցույց տալու, որ Կալիֆոռնիան Արցախի ժողովրդի կողքին է։ Դա հզոր մեսիջ է, քանի որ Կալիֆոռնիան կարևոր դերակատար է ամբողջ Ամերիկայի և աշխարհի համար։ Կալիֆոռնիան կշարունակի այդ կարևոր դերը խաղալ Արցախի համար:

Ադրին Նազարյան (Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամ) - Կարևոր է, որ համայնքը մոտ կապ պահի Արցախի հետ, որ զգանք, լսենք, հասկանանք՝ ինչ է կատարվում, և տեսնենք՝ ինչ կերպ կարող ենք օգտակար լինել, և հարաբերությունը միշտ բաց լինի ու երկկողմանի։

Լորա Ֆրիդման (Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամ) - Արցախում եղել եմ մոտ չորս տարի առաջ, տպավորված էի այդ վայրի ձգողականությամբ և հայ ժողովրդի մշակույթով, որը դաջված է ամեն քարի ու կառույցի վրա։ Գլենդեյլում և Լոս Անջելեսում սարսափով էինք հետևում պատերազմին, և այն այստեղ այնքան շատ մարդու հուզեց։ Պետնախարարի գործունեությունը, որով նա ցույց է տալիս քաջությունն ու դիմացկունությունը, ապագայի հույս է, որ Արցախը կմնա անկախ՝ հայ մշակույթի կրողը՝ հայերի ձեռքում։

Ամերիկահայ համայնքին և ամերիկացի պաշտոնյաներին Արտակ Բեգլարյանը ներկայացրեց Արցախում իրականացվող և նախատեսվող ծրագրերը՝ ամերիկահայերին հորդորելով մասնակից դառնալ դրանց։

Զավեն Խանջյան (Ամերիկայի Հայ ավենտարանչական ընկերակցության գործադիր տնօրեն) - Մենք էլ մեր հանձնառություններն ենք հաստատում և պարտականությունները կատարում Արցախի հանդեպ, որ ավելի կարևոր են այսօր»։

Վազգեն Խոդանյան (ՍԴՀԿ վարիչ մարմնի ատենապետ) - Այսպիսի այցեը կորևոր են, որ իրենց թեզը ներկայացնեն ամերիկյան տարբեր շրջանակների, որ և՛ իմանան ինչպիսին է Արցախի վիճակը, և օգտակար լինեն ժողովրդին»։

Րաֆֆի Բալյան (ՌԱԿ ԱՄՆ Արևմտյան ափի կենտրոնական վարչության ատենապետ) - Այսօր մենք երկու թևի վրա՝ արցախյան և սփյուռքի, մեծ հույսեր ունենք, որ այն, ինչ Արցախում ծրագրվում է այս օրերին, համագործակցությամբ սփյուռք-հայրենիք-Արցախ, կըրնանք իրագործել։

Հարութ Սասունյան (The California Courier թերթի հրատարակիչ) - Արցախն այս օրերին ամեն օգնության պետք ունի, պետք է համախմբվենք։

Արտակ Բեգլարյանը նշեց, որ Արցախի կռիվը միայն հայերինը չէ, այլ համամարդկային և քաղաքակրթական պայքար է։ Ասաց, որ Ադրբեջանի՝ մարդկության դեմ հանցագործությունների մի մասն է միայն ներկայացրել միջազգային հանրությանը, մնացածը դեռ մնում է ոչ ամբողջությամբ ուսումնասիրված ու ներկայացված։

Արտակ Բեգլարյան - Մենք ունենք Արցախի պատառիկը, որի վրա ապրում ենք, շարունակելու ենք պայքարը հանուն մերն իրավունքների ճանաչման և շարունակելու ենք քաղաքական պայքարը հանուն մեր կորսված հայրենիքի վերականգնման:

Արցախի պետնախարարին հյուրընկալեց նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը։ Խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ Արտակ Բեգլարյանը հանդիպեց ամերիկյան գործիչների հետ, որոնք մշտապես աջակցել են Արցախին։ Նրանք շեշտեցին, որ այժմ առավել քան կարևոր են համարում արցախցիներին հայտնել իրենց աջակցությունը և վերահաստատել իրենց հարգանքը անկախ, ինքնիշխան պետություն կերտած ժողովրդի նկատմամբ։

Միթչ Օ՛Ֆարրել (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Կարևոր է, որ աշխարհը տեսնի, որ Լոս Անջելեսի քաղխորհուրդը կարևորում է Արցախի ճանաչումը՝ իբրև պատմականորեն հայերով բնակեցված տարածք։ Կարևոր է հատկապես Արցախի ժողովրդի տառապանքի պահին՝ պատերազմից ու դաժանություններից հետո։ Ինքս, համավարակի սահմանափակումների ավարտից անմիջապես հետո, առաջին իսկ հնարավորությոան դեպքում մեկնելու եմ Արցախ։

Փոլ Քորեց (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Կարևոր է աջակցել Արցախի ժողովրդին, որը դժվարության միջով անցավ։ Այնտեղ չէինք, բայց կարող ենք պատկերացնել՝ ինչ էր տեղի ունենում։ Եկել ենք մեր աջակցությունը հայտնելու և շփվելու կարևոր անձնավորության հետ, ինչպիսին Բեգլարյանն է։
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները փաստեցին, որ բազմաթիվ բանաձևեր են ընդունել, որոնցով և՛ խորհրդանշական, և՛ առարկայական աջակցություն են ցուցաբերել Արցախին։ Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Քևին Դե Լեոնը հպարտորեն ցույց տվեց Արցախի նախագահից ստացած մեդալը, որը նրան շնորհվել էր 2014-ին, երբ Լոս Անջելես քաղաքը պաշտոնապես ճանաչեց Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը՝ Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունից պահանջելով նույնն անել։ Այս անգամ պետական պարգևի արժանացավ Փոլ Կրեկորյանը՝ Արցախի պետնախարարի կողմից։

Փոլ Կրեկորյան - Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում բազմաթիվ անգամներ մենք պատվել ենք Արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչին արժանի են որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Երբեմն քննադատվել ենք Ադրբեջանի կողմից, բայց այս քաղաքը կշարունակի հարգել Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը և ազատությունը։ Հատկապես հիմա՝ պատերազմից հետո, շատ կարևոր է, որ մենք պետնախարարի ընդունելությամբ արցախցիներին ասենք, որ Լոս Անջելես քաղաքը կանգնած է նրանց կողքին։

Արցախի պետնախարարը հայկական և ամերիկյան շրջանակների հետ հանդիպումները կշարունակի Սան Ֆրանցիսկոյում, ապա՝ Միացյալ Նահանգների արևելյան ափում։

  • Կիսվել: