չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Իսկական խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի հարկադրանքի կամ ոչնչացման վրա․ Հայտարարություն

Իսկական խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի հարկադրանքի կամ ոչնչացման վրա․ Հայտարարություն

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարությունը․

 

«Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության հետևանքով Լեռնային Ղարաբաղից` իրենց նախնիների հողերից վտարված ավելի քան 100 000 հայերի բռնի տեղահանման մեկ տարին: Այս ծանր տարեդարձին մենք հարգում ենք արմատախիլ արված կյանքերն ու հիշում վերապրած ցավալի իրադարձությունները։ Սա դաժան հիշեցում է, որ այս ճգնաժամը հեռու է ավարտից, իսկ արդարությունը՝ դեռևս անհասանելի: Վերադարձի իրավունքը պետք է լինի իրացվող ջանքերի առաջնագծում: Բաքվի ապամարդկային հռետորաբանությամբ և ցեղասպան մտադրություններով խթանված զանգվածային բռնի տեղահանումը, որը նշանավորվեց իննամսյա ավերիչ շրջափակմամբ և բացահայտ ռազմական ագրեսիայով, միջազգային իրավունքի ակնհայտ խախտում էր: Ադրբեջանը ձգտել և իրագործել է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի զանգվածային ոչնչացումը՝ մի ամբողջ քաղաքակրթություն հեռացնելով իր հայրենիքից և պարտավորություն ստանձնելով ոչնչացնել նրա քաղաքական, մշակութային և կրոնական ներկայության և հիշողության բոլոր մնացորդները: Սա անընդունելի է։ Սա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի հազարամյա շարունակական ներկայության պատմական խաթարում է։

 

 

 Տեղահանված ժողովուրդները հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք ունեն. այս սկզբունքը վերահաստատել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերյան որոշմամբ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել 2023 թվականի սեպտեմբերից հետո բռնի տեղահանվածների անվտանգ և անարգել վերադարձը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար:

 

Մենք մերժում ենք ցանկացած վարկած, որը ենթադրում է, որ ճգնաժամն ավարտվել է միայն այն պատճառով, որ հայ բնակչությունը բռնի տեղահանվել է։ Իսկական խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի հարկադրանքի կամ ոչնչացման վրա։ Տեղահանված անձանց իրավունքները պետք է հարգվեն, իսկ նրանց վերադարձը ապահովվի միջազգային պաշտպանության ներքո:

 

Վերջին վեց ամիսների ընթացքում, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հետամուտ է եղել վերադարձի եւ ինքնորոշման իրավունքի խթանման իր մանդատի իրագործմանը։ Հանձնախումբը համագործակցել է միջազգային առանցքային դերակատարների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության և տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ՝ մշտապես ընդգծելով տեղահանված բնակչության անվտանգ և հավաքական հայրենադարձության անհրաժեշտությունը: Այս ջանքերի շնորհիվ հարցը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, եւ այդ նպատակների համար կա զգալի միջազգային աջակցություն. աջակցություն, որն այժմ կախված է Հայաստանի կառավարության ակտիվ առաջնորդությունից:

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ վճռական գործողություններ ձեռնարկել այս կարևորագույն ուղղությամբ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում։ Առանց վերադարձի իրավունքի չի կարող լինել կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել այս գործին։ Սակայն Հայաստանի կառավարությունը պարտավոր է վճռականորեն և հաստատակամորեն պաշտպանել վերադարձի իրավունքը։

Այս հարցի շուրջ Հայաստանի կառավարության լռությունը ոչ միայն խաթարում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները, այլև վտանգում է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ անվտանգությունը: Խաղաղությունը պահանջում է մարդկային արժանապատվություն, իսկ մարդկային արժանապատվությունը միշտ արմատավորված է մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման մեջ»:

  • Կիսվել: