շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Իսկ ի՞նչ կլինի, երբ ռուս խաղաղապահները հեռանան. Արցախի ՄԻՊ-ը մեխանիզմներ է առաջարկում

Իսկ ի՞նչ կլինի, երբ ռուս խաղաղապահները հեռանան. Արցախի ՄԻՊ-ը մեխանիզմներ է առաջարկում

Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում մեծապես երաշխիքներ են ստեղծել, որպեսզի տեղահանված արցախցիները վերադառնան: Այս մասին «Մարդու իրավունքների հիմնախնդիրները հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում». ռազմագերիներ, մշակութային վանդալիզմ՝ Արցախի անկախության հանրաքվեից 30 տարի անց քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա նշեց, որ թեև բոլոր խախտումները, միջադեպերը ներկայացվել են զեկույցներով, այդ թվում և միջազգային կառույցներին, բայց շարունակում է լուրջ խնդիր մնալ ադրբեջանցիների անպատժելիությունը: Իսկ երբ բոլոր խախտումները ներկայացվում են ռուս խաղաղապահներին, նրանց կողմից դրանք ուղղակի գրանցվում են: Ըստ այդմ, Ստեփանյանը կարծում է, որ պետք է ինչ-որ մեխանիզմ ներդնել, որը հնարավորություն կտա հետաքննել բոլոր միջադեպերը և անձիք, որոնք մեղավոր են, անպայման պատիժ կկրեն:

"Միայն այդ պարագայում է հնարավոր զսպել ադրբեջանցիների հանցագործությունները և ապահովել արցախցիների անվտանգությունը: Մարդիկ այսօր էլ շարունակում են հարցադրում անել, թե ի՞նչ է լինելու հետագայում, կլինի արդյոք կայունություն: Պետք է հստակություն լինի, թե ինչպիսի անվտանգության մեխանիզմներ են կիրառվելու, օրինակ, երբ 4 տարուց ռուս խաղաղապահները հեռանան Արցախից",- ասաց նա:

Գեղամ Ստեփանյանը կրկնեց բազմիցս հնչեցրած միտքը՝ Բաքուն հստակ քաղաքականություն է վարում, վախի մթնոլորտ ձևավորում, որպեսզի արցախցիները լքեն երկիրը: Դրան են նպաստում նաև այդ երկրի նախագահի հաայտարարությունները:

ՄԻՊ-ը նաև այլ առաջարկ հնչեցրեց, որը միտված է արցախցիների անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը:

"Պետք է շփման գծի հարևանությամբ գտնվող բնակավայրերի մոտից հեռացվեն ադրբեջանցիների ռազմական հենակետերը, քանի որ անգամ դրանց ներկայությունն այդ տարածքում լուրջ սպառնալիք է խաղաղ բնակիչների համար",- ընդգծեց նա:

Նշենք, որ քննարկումը կազմակերպել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը:

  • Կիսվել: