Իրավական ճանապարհով կհիմնավորենք իրականությունը. Սամվել Շահրամանյանը՝ 9–րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում տեղ գտած կեղծիքի մասին
Երկրորդ տարին է՝ ինչ մենք Եռաբլուրում հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհված հայրենակիցներին, ովքեր առաջինն են ընդունել Ադրբեջանի ագրեսիայի հարվածը։ Ագրեսիայի հետևանքով մենք այսօր հայրենազրկվել ենք, բռնի տեղահանվել ենք, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Արցախցիների մեծ մասը որպես մշտական ապրելու վայր տեղ է գտել Հայաստանի Հանրապետությունում», -ասաց Արցախի նախագահը։
Արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե խեղաթյուրվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած իրադարձությունները, Շահրամանյանն ասաց.
«Մենք հնարավորություն ենք ունեցել գնահատականներ տալու։ Տեղյակ եք, որ հիմա էլ 9–րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում կեղծիքներ են տեղ գտել։ Մենք իրավական ճանապարհով դրանք վիճարկում ենք։ Մենք դատական նիստի ընթացքում կներկայացնենք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որոնք կհիմնավորեն մեր ասածները: Այդտեղ պետք է արտացոլված լինի իրականությունը»։


