երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ինչպիսի ազդեցություն ունի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բաժանված ընտանիքների վրա. Open Democracy-ն՝ Արտակ Բեգլարյանի ընտանիքի մասին

Ինչպիսի ազդեցություն ունի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բաժանված ընտանիքների վրա. Open Democracy-ն՝ Արտակ Բեգլարյանի ընտանիքի մասին

Քանի որ Ադրբեջանը 68-րդ օրն է շարունակում է Ղարաբաղի շրջափակումը, Արտակ Բեգլարյանը չի կարող հանդիպել կնոջն ու դուստրերին:

Այս մասին գրել է Open Democracy միջազգային լրատվամիջոցը՝ Արտակ Բեգլարյանի ընտանիքի օրինակով ներկայացնելով շրջափակման հետևանքով բաժանված ընտանիքների խնդիրները:

Ինչո՞ւ ադրբեջանցիները չեն հասկանում, որ մենք ուզում ենք դու տուն գաս, որ քեզ գրկենք»,- չորսամյա Նանեն հարցրել է իր հորը՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին:

Դեկտեմբերի 12-ից ի վեր ադրբեջանցիները, ովքեր պնդում են, որ էկոակտիվիստ են, իրենց կառավարության աջակցությամբ փակել են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝Հայաստանին և աշխարհին միացնող միակ ճանապարհը: 

Ադրբեջանը խաթարել  է նաև էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը՝ թողնելով 120,000 հայերի, այդ թվում՝ 30,000 երեխաների շրջափակման մեջ: Սննդի, վառելիքի և բժշկական պարագաների պակասը գնալով խորանում է։

Բեգլարյանը դեկտեմբերի սկզբին մեկնել է Երևան՝ մի քանի օր հետո տուն վերադառնալու մտադրությամբ։ Բայց շրջափակումը, որն  արդեն տևում է ավելի քան երկու ամիս, բաժանեց նրան իր ընտանիքից՝ թողնելով կնոջը իրենց երկու փոքր դուստրերի հետ մենակ:

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի իրենց փոքրիկ բնակարանում Արմինե Վարդանյանը՝ Բեգլարյանի կինը, շտապում է ավարտել լվացքն ու տնային այլ գործերը՝ նախքան հոսանքն անջատելը, և այդ ընթացքում փորձում է մեկուկես տարեկան դստերը՝ Արփիին քնեցնել։

Շրջափակման առաջին օրերին Արմինեն քննադատում էր մայրերին, ովքեր խուճապի մատնված մանկական սնունդ և տակդիրներ էին գնում։ Այժմ, նա ասում է,որ նրանք խելամիտ են վարվել, քանի որ տակդիրների պակասը զգացվում է խանութներում: Նա կրծքով է կերակրում Արփիին, բայց դժվարությունների է բախվում Նանեի համար անհրաժեշտ սնունդ գտնելու հարցում։

Նանեն ամեն օր յոգուրտ է խնդրում, բայց մայրիկը խանութներում չի գտնում:

«Իհարկե, տխուր է, երբ չես կարողանում գտնել երեխայիդ ուզած ամենահասարակ բանը»,- ասաց Արմինեն։

Ինչպես Արցախի 5,500 երեխաներ, Նանեն նույնպես   չի կարողանում մանկապարտեզ հաճախել։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակվել են սննդի պակասի և ջեռուցման խնդիրների ու էլեկտրաէներգիայի խափանումների  պատճառով:

Պայքարող երեխաներ

Բեգլարյանի գնահատմամբ՝ շրջափակման հետևանքով իրենց ընտանիքներից բաժանվել են ավելի քան 3,000 անձինք, այդ թվում՝ շուրջ 400 երեխա։

Երեխաների համար, ովքեր հիշում են 2020 թվականի պատերազմը, որոնցից հազարավորները կորցրել են ծնողներին կամ մերձավոր ազգականներին, շրջափակումը կրկին անվտանգային մտավախություններ է առաջացրել։ Վերջին պատերազմի ժամանակ Նանեն երկուսուկես  տարեկան էր։ Ամենաշատը նա հիշում է ծնողներից բաժանվելը, երբ նրան ուղարկեցին Երևան՝ տատիկի մոտ մնալու՝ ռմբակոծություններից փրկվելու համար:

«Նրա համար բավականին դժվար էր,- հիշում է Բեգլարյանը:- Նա ինձ այդ ժամանակվանից հիշում է միայն համացանցով՝ հեռվից»։ Բեգլարյանն ասաց, որ այս «թվային ազգակցական կապը» խնդիր է այն երեխաների համար, ովքեր երկար ժամանակ բաժանված են ընտանիքից։ «Դա փոխում է ծնողների և երեխաների հարաբերությունները»:

«Կախված տարիքից՝ երեխաները կարող են զգալ շփոթություն, անհանգստություն, վախ և տարրական ապահովության զգացման բացակայություն,- բացատրում է ստեփանակերտցի հոգեբան Ռուզաննա Մկրտչյանը։- Ավելի փոքր երեխաները կարող են դժվարությամբ մեկնաբանել ծնողի հանկարծակի բացակայությունը: Նրանք կարող են նույնիսկ գնալ այնքան հեռու, որ իրենք իրենց մեղադրեն և կարծեն, որ սարսափելի սխալ բան են արել, ինչը նրանց ծնողներին ստիպել է այլևս չտեսնել իրենց»։

2020 թվականի պատերազմի ժամանակ Բեգլարյանը, ով այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանն էր, ակտիվ դեր խաղաց միջազգային իրազեկվածության բարձրացման և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու գործում՝ հաճախ հայտնվելով միջազգային լրահոսում։

«Կինս ինձ ասաց, որ մի օր Նանեն ինձ տեսել է հեռուստացույցով և սկսել է լաց լինել՝ ասելով. «Հայրիկ, հերիք է ուրիշների հետ խոսես, նայիր ինձ»,- ասաց նա։

Այժմ, երբ ընտանիքը կրկին բաժանվել է, նրանք կրկին տեսազանգերի  միջոցով են շփվում, թեև Բեգլարյանը տեսողության խնդիրներ ունի։ Երբ նա վեց տարեկան էր, բակում խաղալիս ընկերներից մեկը չպայթած ական գտավ և մուրճով պայթեցրեց այն, ինչի հետևանքով նա կորցրեց տեսողությունը:

«Երբեմն Նանեն ինձ բոյկոտում է,- ասաց Բեգլարյանը,- նա չի ուզում խոսել ինձ հետ: Բայց որոշակի ժամանակ անց նորից զանգում է ու հարցնում․ «Ինչպե՞ս է ստացվում, որ Ձմեռ պապը կարող է Ամանորին գալ, բայց դու չես կարող»... Կրկին դժվար էր բացատրել»,- ասաց նա։

Վերադառնալով ընտանիք ու հայրենիք

Հունվարի 17-ին ռուս խաղաղապահները օգնել են մի խումբ երեխաների վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Դեռահասները Երևան էին մեկնել Մանկական Եվրատեսիլ մրցույթի համար, սակայն շրջափակման պատճառով բաժանվել էին իրենց ընտանիքներից։ Ճանապարհի արգելապատնեշի մոտ ադրբեջանցի գործակալները մտել են նրանց ավտոբուսը և սկսել բղավել նրանց վրա և անհանգստացնել նրանց, ինչի հետևանքով մեկ երեխա ուշաթափվել է: Ռուս խաղաղապահներն ի վերջո հեռացրել են ադրբեջանցիներին:

«Մենք առաջնային ենք համարում անչափահաս երեխաներ ունեցող ծնողների, հաշմանդամություն ունեցող և հատուկ կարիքներով անձանց վերամիավորումը: Մինչ այժմ մենք այդ նպատակով տեղափոխել ենք ավելի քան 200 մարդ»,- openDemocracy-ին ասաց Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը։

Ճգնաժամը քիչ ուշադրություն է գրավել միջազգային լրատվամիջոցներում։ Թեև ԱՄՆ-ը, ԵՄ-ն և միջազգային կառույցները, ինչպիսին ՄԱԿ-ն է, կոչ են արել Ադրբեջանին վերաբացել Լաչինի միջանցքը՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհը, սակայն իրական առաջընթաց չի գրանցվել:

Բեգլարյանը մեկ շաբաթ շարունակ շուրջօրյա նստացույց է արել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ և իր պահանջներն ու առաջարկները ներկայացրել ՄԱԿ-ի պաշտոնյաներին։

Բայց Արմինեն թերահավատ է. «Եթե որևէ գործողություն չկա, ապա կոչերն արժեք չունեն,- ասաց նա։- Ինչու՞ կարելի է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, իսկ Ադրբեջանի դեմ՝ ոչ»:

Չնայած դժվարություններին և սպասվող անորոշությանը, զույգը վճռական է մնալ Լեռնային Ղարաբաղում։ 2020 թվականի պատերազմի ավարտին, այդքան երիտասարդ զինվորների կորստից և առկա անորոշություններից հետո, նրանք որոշեցին երկրորդ երեխան ունենալ։

«Ես միշտ ասում եմ, որ իմ երեխաներն են իմ ժառանգությունը: Հայրենիքի հանդեպ մեր պատասխանատվությունը փոխանցում ենք սերունդներին,- ասաց Վարդանյանը։- Սա իմ պայքարի ձևն է»,- ավելացրեց նա:

«Դա մեր հայրենիքն է»,- ասաց Բեգլարյանը։ Նա Նանեի հասակակիցն էր, երբ կորցրեց հորը Ադրբեջանի հետ առաջին պատերազմում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: Շրջափակման հոգեբանական ծանր ապրումներից մեկն էլ նրա համար այն էր, որ նա չկարողացավ այցելել հոր գերեզմանին՝ նրա զոհվելու 30-րդ տարելիցի առթիվ: 

Երբ Նանեն վերջին անգամ հարցրել է, թե ինչու են ադրբեջանցիները խանգարում իրեն գրկել, նա ասել է, որ չանհանգստանա, լուծում կգտնեն, որ շուտով տուն վերադառնա՝ երկու երեխաներին էլ գրկելու։
«Ես փորձում եմ երեխաներիս ցույց տալ, որ չեմ ստում նրանց։ Ես անում եմ հնարավորինս՝ մյուս պայքարողների հետ միասին»,- ասաց նա։

Նա ուժ է գտնում նաև հոր հիշատակի մեջ։ «Վստահ եմ, որ հայրս, ի թիվս բազմաթիվ զոհված ազատամարտիկների, պայքարում էր, որ ինձ ու հազարավոր այլ երեխաների ապրելու հնարավորություն տրվի: Նա կցանկանար երջանիկ տեսնել հաջորդ սերնդին: Ես էլ իմ հերթին եմ անում ամեն ինչ այդ նպատակով իմ և ուրիշների երեխաների համար»։

  • Կիսվել: