Ինչպե՞ս են ամառային արձակուրդներն անցկացնում արցախցի դպրոցականները. անդրադարձ
Այս տարի Արցախի դպրոցականներն իրենց ամառային հանգիստն անց են կացնում ոչ միայն Արցախում այլ նաև Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող ճամբարներում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախազորակոչային պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ Արմեն Պետրոսյանը:
«Մեր բաժինը համակարգում է այն ճամբարները, որոնք կազմակերպվում են ոչ միայն նախարարության, այլ նաև այն հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք մեզ դիմում են կա'մ աջակցության համար, կա'մ հաշվի առնելով, որ ընդգրկվում են դպրոցականներ: Մենք իրականացնում ենք վերահսկողություն և հավաքագրում՝ համապատասխան գրություններ ուղարկելով Հանրապետության շրջանների դպրոցներին և կրթության բաժիններին»,- նշել է Ա. Պետրոսյանը և ավելացրել, որ արդեն ունեն մեկնարկած ճամբարներ:

«Արդեն սկսվել է Բյուրականի մաթեմատիկական ճամբարը, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում: Անցած տարի 25 աշակերտ էր մասնակցում, իսկ այս տարի՝ 22: Մասնակիցներն ընտրվում են 8-12-րդ դասարաններից՝ հատուկ մաթեմատիկական օնլայն մրցույթով: Պարտադիր է նաև ռուսերենի իմացությունը, որովհետև ճամբարում պարապմունքներն անց են կացնում Ռուսաստանից ժամանած գիտնականներ»,- մանրամասնել է մեր զրուցակիցը:
Բացի մաթեմատիկական ճամբարից, Բյուրականում իրականացվում է ևս երկու ճամբար՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության, Արցախի գիտական կենտրոնի և Բյուրականի աստղադիտարանի տնօրինության համատեղ ջանքերով:
Արցախից մասնակցում են 23-ական դպրոցական և ուսանող: Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում էլ հուլիսի 2-ից ընթանում է «ԵՍ» կրթական հիմնադրամի նախաձեռնած տեխնոլոգիական ճամբարը՝ մոտ 200 մասնակցով: Անդրադառնալով կազմակերպվելիք ճամբարներին, պատասխանատուն հայտնեց, որ հուլիսի 15-ից երեք հերթափոխով իրականացվելու է «Ասպետ» ուսումնամարզական ճամբարը։
ՀՅԴ Ամերիկայի արևելյան շրջանի և Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների աջակցությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան համար 8 դպրոցում կազմակերպվելու է բակային ճամբար:
Արցախցի աշակերտները հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 3-ը Դիլիջանում կմասնակցեն «Արմաթ>> տեխնոլոգիական ճամբարի երկրորդ հերթափոխին: «Հունիսի 22-29-ը ԱՀ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարության ջանքերով մոտ 40 արցախցի դպրոցական մասնակցել է Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքում կազմակերպված ճամբարին»,- ասել է Ա. Պետրոսյանը՝ հավելելով, որ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը փորձում է կազմակերպել ճամբարներ՝ սոցիալական որոշակի խմբերի ընտանիքների երեխաների համար:
Արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչն ընդգծել է, որ Արցախից դուրս կազմակերպված ճամբարների մասնակիցների փոխադրումն իրականացվում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ: