երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ էր ասում Արայիկ Հարությունյանը պատերազմից առաջ փակ հանդիպումներում

Ինչ էր ասում Արայիկ Հարությունյանը պատերազմից առաջ փակ հանդիպումներում

«Սիվիլնեթի» արցախյան թղթակիցը հոդվածով ներկայացրել է երկրում վերջին ամիսներին տիրող իրավիճակը, կիսվել իր հուշերով ու տպավորություններով։ 

2023 թվականի հունվարի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի խոսնակ Արթուր Թովմասյանի հետ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի («Պալիտ») դահլիճում հանդիպել էր հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: Այդ չլուսաբանվող հանդիպմանը, որը նման էր նախընտրական քարոզարշավի, ներկա եմ եղել նաև ես (հանդիպումը տեսաձայնագրել է նրա օպերատորը)։ Երկրորդ անգամ՝ մայիսի 26-ին, շատ ավելի փոքր դահլիճում Հարությունյանի հետ հանդիպել էինք լրագրողներով։ Երրորդ անգամ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 12-ին․ Արտակ Բեգլարյանի մասնակցությաբ ընդունել էր ինձ՝ լրագրողիս վրա տեղի ունեցած հարձակման հաջորդ օրը։ Բոլոր այս երեք հանդիպումները վերարտադրում եմ նոթատետրիս նայելով կամ էլ ապավինելով հիշողությանս։

Հունվարի 27-ի հանդիպումը․ Կարմիր Շուկան, Սարսանգը և նոր մանդատ բանակցությունների համար

Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիները 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակել էին։ Նրանք նաև Ռուբեն Վարդանյանից պահանջում էին լքել Արցախը։ Դեկտեմբերի 25-ին 65 հազարանոց հանրահավաքի ժամանակ Վարդանյանը, սակայն, բացառեց այդ սցենարը. «Ես այստեղ եմ, ես պայքարում եմ ու ես այստեղից չեմ գնալու ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին»։

Պետնախարարի հարաբերությունները լարված էին նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ինչի մասին նրանք գրեթե չէին բարձրաձայնում։

Այդ օրերին խոսակցություններ կային, որ նախագահը հրաժարական է ուզում տալ։ Արայիկ Հարությունյանը «Պալիտի» հանդիպմանը խոստովանեց, որ շաբաթ օրը (խմբ․ – 2023 թվականի հունվարի 21-ին), իրոք, հրաժարականի տեքստ էր պատրաստել, բայց քանի որ ընտրություններ հնարավոր չէր անցկացնել, հրաժարական չէր տվել։

Դահլիճում նստելու տեղ չկար․ շատերը կանգնած մնացին։ Ասում են, որ Հարությունյանը ուզում էր շոշափել հանրային տրամադրությունները՝ արդյոք ի վիճակի՞ է Ռուբեն Վարդանյանին հեռացնել պաշտոնից։

Տպավորություն էր, որ նա Վարդանյանի մասին շատ չէր ցանկանում խոսել, սակայն դահլիճից շատ էին հարցնում պետնախարարի մասին։ Հատկապես ակտիվ էր առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը։ Ռուբեն Վարդանյանի նոր կառավարությունում տեղ չկար Միքայել Հայրիյանի համար։ Նա հարցրեց, թե ո՞վ է ի վերջո երկրի նախագահը՝ «Դո՞ւք, թե՞ Ռուբենը»։ Հարությունյանն ասաց, որ Վարդանյանի հետ պայմանավորվածություն կար, որ Սփյուռքից մեծ գումարներ կբերեն Արցախ, սակայն շրջափակումը ամեն ինչ տապալեց։ Ընդունեց, որ պատասխանատուն ինքն է։

Հարությունյանը նաև նշեց, որ Ռուբեն Վարդանյանի՝ Ստեփանակերտի հրապարակում հնչեցրած մտքերը սխալ է համարում, քանի որ ոչ ոք էլ չի պատրաստվում լքել Արցախը․ «Նոյեմբերի 9-ից հետո էլ էին ասում, որ ոչ ոք չի ապրելու Արցախում»։

Դեկտեմբերի 25-ին ճանապարհի բացման պահանջով հանրահավաքին պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ելույթում հայտարարել էր, որ «ինչպես ռուսական հեքիաթներում՝ երեք ճանապարհ ունենք․ մեկը՝ ենթարկվում ենք ուշ թե շուտ և կամաց-կամաց ինտեգրվում ենք Ադրբեջանին; երկրորդը՝ էստեղից դուրս ենք գալիս; երրորդը՝ պայքարում ենք»։

Դահլիճից մեկը հարցրեց, թե որտե՞ղ է Ռուբենը, ինչո՞ւ ձեր կողքին չէ, Արայիկն էլ ասաց, որ նա հիմա մի ուրիշ վայրում է բնակչության հետ հանդիպման մասնակցում, խնդիրներ չկան։

Հարությունյանը պնդում էր, որ ճանապարհը անպայման պետք է բացվի, քանի որ ստեղծված վիճակը կործանարար է։ Նախագահը խոսեց նաև նախորդ տարի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ տարբեր հարցերի շուրջ բանակցությունների մասին։ Նրանք ուզում էին հավաստիանալ, որ Սարսանգը անվտանգ է, քանի որ վթարի դեպքում մի քանի հազար ադրբեջանցի կարող էր զոհվել։ Դրա համար էլ բանակցություններ էին կազմակերպել։ Նա ասաց, որ իրեն դավաճան են հանել, սակայն Սարսանգի շուրջ բանակցությունները օգնեցին խուսափել Սարսանգը կորցնելուց։ Ասաց, որ հստակ տեղեկություն ունեին՝ ադրբեջանցիները ուզում են գրավել ջրամբարը․ «Նրանք իբր ուզում էին հավաստիանալ, որ այն անվտանգ է։ Մենք էլ ասացինք՝ ստուգեք, եթե մտահոգված եք: Սարսանգը տեսնելուց հետո ադրբեջանցիները երկրորդ անգամ չեն էլ այցելել, հարցը այդպիսով լուծվել է»։

Նույնը ասաց Կարմիր Շուկայի մասին․ «Ադրբեջանցիները ուզում էին այն գրավել, իսկ մենք երկար բանակցելուց հետո ասացինք՝ եթե ձեր ուզածը ճանապարհն է, տալիս ենք ձեզ»։ Հարությունյանի խոսքով՝ մի քանի ժամ տևած բանակցությունները Հարությունյանը վարում էր մի գեներալի հետ, որն անմիջական կապի մեջ էր Ալիևի հետ։ Այս բանակցությունների միջոցով նաև հնարավորություն է ստեղծվել մի քանի գերի ազատել, իսկ մնացած գերիները «սկայպի» միջոցով կապվել են հարազատների հետ։

2021 թվականին մայիսին «Կոմերսանտ» թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները առևտրի առարկա են դարձել։ Այդ օրերին լուրեր էին պտտվում, որ Ադրբեջանը ռազմագերիներին ազատ արձակելու դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր Շուկա ճանապարհի վերահսկողությունը։

Այդ հանդիպմանը Հարությունյանը անմիջապես չէր թիրախավորում Վարդանյանին, բայց նրա բերած օրինակները, կարծես, նրա մասին էին, որ կարելի էր ադրբեջանցիների հետ բանակցել ու պայմանավորվել։

Ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով Շուշի-Գորիս ճանապարհը առաջին անգամ փակեցին 2022 թվականի դեկտեմբերի 3-ին։ Պահանջում էին հետաքննել և վերահսկել տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները։ Դա տևեց երեք ժամ։ Դրանից հետո ռուսների միջնորդությամբ Իվանյանում՝ նրանց ռազմաբազայում, բանակցություններ տեղի ունեցան։ Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի էկոնոմիկայի ու բնական պաշարների նախարարությունների անդամները հայտնվեցին Կաշենի ֆաբրիկայի մոտ, սակայն հանքավայրի անվտանգության աշխատակիցները և մոտակա գյուղերի բնակիչները նրանց թույլ չտվեցին մտնել հանքի տարածք։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ խաղաղապահների հետ համաձայնեցված է եղել մեկանգամյա տեսողական այց Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր, սակայն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների և հանքավայրերը շահագործող ընկերության հետ։ Եվ ահա եկավ դեկտեմբերի 12-ը։ Ադրբեջանցի «բնապահպանների» խումբը Շուշիի մոտ փակեց Արցախի միակ ճանապարհը դեպի արտաքին աշխարհ։

Իրականում 2022 թվականի հուլիսին Ադրբեջանի կառավարությունը գործարք է կնքել բրիտանական Anglo Asian Mining ընկերության հետ ու կոնցեսիոն պայմանագրով մի շարք հանքերի, ներառյալ՝ Կաշենի հանքի շահագործումը հանձնել ընկերությանը՝ 3 մլրդ դոլարի դիմաց։

«Պալիտի» հանդիպմանը շատ տարբեր հարցեր քննարկվեցին: Հարությունյանին հաճախ դիմում էին «դու»-ով։ Ինքն էլ բանավեճի մեջ էր մտնում վրդովված քաղաքացիների հետ և սուր անկյունները հարթում։ Արցախում դժգոհ քաղաքացիների հետ հաղորդակցվելու նրա տաղանդից ոչ ոք չուներ։

Հարությունյանն այդ օրն ասաց՝ այնպես չէ, որ պատերազմի չենք պատրաստվում, բայց այն հետաձգելու գերխնդիր ունենք, այլապես արդյունքը շատ տխուր է լինելու՝ ցեղասպանություն․ «Դրա համար պետք է շատ բան անել, որ այն հիմա չլինի։ Եւ, ով գիտի, վաղը աշխարհաքաղաքական դրությունը մեր օգտին կլինի»։ Ասաց, որ ինչքան էլ հայտարարություն տարածի ՄԱԿ-ը կամ այլ կառույց, ճանապարհը չի բացվելու։

Հարությունյանը հայտնեց, որ ուզում է բանակցել, բայց պետք է մեկ անգամ ևս մանդատ ստանա ժողովրդից, քանի որ չգիտի, թե ինչ պայմաններ են դնելու ադրբեջանցիները։

Խոսեց նաև ռուս-ուկրաինական պատերազմի մասին, ասաց, որ դա է խառնել ամեն ինչ․ «Քարագլխի և օգոստոսյան դեպքերը դրա վառ ապացույցն են։ Իհարկե, Քարագլխի համար նաև մենք ենք պատասխանատու։ Անհասկանալի է Խծաբերդի պատմությունը, պիտի հասկանանք»։

Խոսեց նաև անհարկի հրապարակայնության մասին․ «Ամեն ինչ ուզում եք Ֆեյսբուքում հրապարակենք, բայց նման բան չի լինելու, մինչ այդ էլ որոշ դավաճաններ երկու կոպեկի դիմաց ամեն ինչ պատմում են թշնամուն»։

Մայիսի 26-ի հանդիպումը. «Մուրադովը ուղղաթիռ էր առաջարկում, իսկ Լենցովը նույնիսկ տեղաշարժվելու խնդիր կարող է ունենալ»

Հարությունյանը այս անգամ էլ խոսեց նրանից, թե ինչքան են թուլացել ռուսների դիրքերը Արցախում՝ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի հետևանքով։ Բերեց մի օրինակ․ նախկինում խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը նեղանում էր, որ Հարությունյանը Երևան էր գնում ավտոմեքենայով, ոչ թե զորակազմի ուղղաթիռով։ Իսկ հիմա վիճակը այնքան է փոխվել, որ անգամ խաղաղապահների նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովը տեղաշարժվելու խնդիր կարող է ունենալ․ ադրբեջանցիները կարող են ստուգել նրա ավտոմեքենան։

Հետո խիստ քննադատեց երկու անձի։ Մեկը Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, Արցախի Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր Հայկ Խանումյանն էր։ Նրա վրա բարկացած էր նախօրեին Ֆեյսբուքում արված գրառման համար։ Ավելի վաղ նախարարը գրել էր, որ Արցախի պաշտպանության բանակի զինաթափումը, որի մասին վերջին օրերին խոսվում էր տարբեր ազդեցիկ դահլիճներում, դավաճանություն ու թյուրիմացություն չէ․ «Սա ուղղակի թշնամու հետ նույնականացում է։ Զինաթափման կողմնակիցներից մեկը հայտնի է, մնում է մյուս պատասխանատուները ձայն հանեն։ Մենք էլ իմանանք՝ մեր երեխեքին պաշտպանելիս ով է մեր թիկունքին կրակելու»։ Մեկնաբանություններում երբ հարցրել են, թե ինչի մասին է խոսքը, նա պատասխանել է, որ Արայիկ Հարությունյանը շրջկենտրոններում հավաքներ է անում, խոսում ծանր տեխնիկան հանելու մասին։

Հարությունյանը հերքեց Խանումյանի պնդումն ու ասաց, որ շուտով Խանումյանի հայտարարություններով կզբաղվի Քննչական կոմիտեն։

Երկրորդ անձը, որի վրա բարկացած էր Հարությունյանը, Ազգային ժողովի «խոսնակն» էր։ Շատերը չհասկացան, թե ում մասին էր խոսքը։ Պարզվեց՝ ֆեյսբուքյան գրառումներով հայտնի Բելլա Լալայանին նկատի ունի, քանի որ վերջինս Ազգային ժողովի խոսնակ Արթուր Թովմասյանի գլխավոր խորհրդականն էր։ Այդ օրերին կառավարության աշխատակիցները խրամատ էին փորում տարբեր վայրերում։ Ըստ նախագահի՝ Բելլա Լալայանը տեղեկությունը հանրայնացրել էր։ Ասաց, որ այս հարցով ևս Քննչական կոմիտեն է զբաղվելու։

Անդրադարձավ նաև պատշպանության նախկին նախարար, «Միասնական հայրենիք» կուսակցության Սամվել Բաբայանին։ Ասաց, որ Բաբայանը ամեն ինչ է ուզում, իսկ այդպես չի լինելու, քանի որ ինքն է ընտրված նախագահը և պատասխանատու է երկրի համար։ Սամվել Բաբայանը Արցախը ստեղծված վիճակից հանելու համար պահանջում էր լայն լիազորություններով պետնախարարի պաշտոն, այդ թվում՝ բոլոր ուժային կառույցների համակարգում։

Հուլիսի 12-ի հանդիպումը՝ երկրի վիճակը չհասկանալու և վատ կամ վատթարագույն տարբերակների մասին

Երրորդ անգամ Հարությունյանը ինձ ընդունեց պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ։ Պատճառն այն է, որ Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի աշխատակազմից երկու հոգի՝ նրա վարորդ Վրեժ Օհանյանը և խորհրդական Հարութ Ավագյանը, որը «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի պատգամավոր Արեգ Ավագյանի որդին է, հարձակվել ու փորձում էին առևանգել ինձ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկից։ Ավելի վաղ ես Կարեն Սարգսյանին քննադատել էի այն պատճառով, որ բարձրաստիճան ոստիկաններից մեկը լրտեսության մեջ մեղադրվող ու կալանավորված Արման Իսրայելյանի փաստաբանների ցույցը լուսաբանելիս հեռախոսս խլել էր։ ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանի միջոցով ինձ փորձում էին ստիպել, որ ներողություն խնդրեմ քննադատության համար։ Ես հրաժարվեցի ներողություն խնդրել, ինչից հետո տեղի ունեցավ այդ դեպքը։

Հարությունյանն ասաց, որ ինձ որպես զուսպ լրագրող է ճանաչում, իր համար անսպասելի էր նման դեպքը։ Շարունակեց, որ հաճախ այնպես է լինում, որ «ծառան տիրոջը հաճոյանալու համար ավելորդ նախաձեռնողականություն է դրսևորում»։ Ես մտածեցի, որ ամեն ինչ ուզում են բարդել կատարողների վրա։ Ասաց, որ քննություն կընթանա այս դեպքով և ինձ նույն օրը կընդունի գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը։ Նաև ասաց, որ խոսելու է բոլորի հետ, նաև՝ Հարութի հոր՝ պատգամավոր Արեգ Ավագյանի հետ։

Ինձնից հետո նա անմիջապես պիտի ընդուներ Արցախի փաստաբաններին և լրտեսության մեջ մեղադրվող Արման Իսրայելյանի ծնողներին։ Ինձ վրա հարձակման օրը անհայտ անձինք մտել էին Արման Իսրայելյանի փաստաբանների գրասենյակը և շուռ տվել իրերը, թափել փաստաթղթերը։ Արման Իսրայելյանի փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանի կարծիքով՝ նրանց ուղղորդել էին իրավապահները։

Հարությունյանը այնուհետև սկսեց գանգատվել ստեղծված վիճակից։ «Էս փաստաբանները՝ մի կողմից, Օսիպովը*՝ մի կողմից, չեն հասկանում երկրի վիճակը․․․»,- տխուր ու բորբոքված ձայնով բողոքեց չհասկացված լինելու համար։ Մի պահ ուզում էի ասել՝ բայց ես հասկանում եմ։ Հետո շարունակեց գանգատվել․ «Ես, իրոք, չգիտեմ, թե վաղը ինչ եմ ասելու ժողովրդին։ Երկու տարբերակ կա՝ վատ կամ վատթարագույն։ Այսպիսի սինխրոն վիճակ երբեք չի եղել՝ Ամերիկան, Արևմուտքը, Հայաստանն ու Ադրբեջանը նույն բանն են ասում։ Դե մի փոքր Ռուսաստանն է տարբերվում, էն էլ․․․»։

Այս ժամանակահատվածում Կարեն Սարգսյանը Արցախի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն էր։ Ասում են, որ Վարդանյան-Հարությունյան առճակատման ժամանակ, որն ավարտվել էր 2023-ի փետրվարի 23-ին Վարդանյանի պաշտոնանկությամբ, Կարեն Սարգսյանը այն պաշտոնյաներից էր, որը Հարությունյանի կողքին էր մնացել։ Օրինակ, ավելի վաղ՝ հունվարի 16-ին, Արցախի ԱԱԾ գործող տնօրեն Աշոտ Հակոբջանյանն ազատվել էր ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Նա Ռուբեն Վարդանյանի խորհրդական, Արցախի ու Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկի՝ Արման Հակոբջանյանի հորեղբոր որդին է, որն այն ժամանակ անցել էր Ռուբեն Վարդանյանի ճամբար։

* Նկատի ուներ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին, որն այդ օրերին ցույցեր էր անում ու կոչ անում հասարակության համախմբում, որպեսզի տասնյակ հազարներով գնան դեպի Հակարիի կամուրջ ու պահանջեն բացել միջանցքը։

Իմ տպավորությունները

44-օրյա պատերազմից հետո Արայիկ Հարությունյանի աթոռը երերում էր։ Պատերազմից մի քանի ամիս առաջ ընտրություններին հաջողությամբ վերարտադրված ու հոխորտացող նրա թիմից քիչ բան էր մնացել։ Գաղափարական շատ բան չկար այդ թիմում, պարզապես ընտրություններին ներդրում էին արել, որ հետագայում ավելի շատ ստանան։

Պատերազմից հետո Հարությունյանն ընտրեց, այսպես ասած, ազգային համաձայնության կառավարության ձևավորման տարբերակը։ Ընդդիմադիրներին և բողոքողներին պաշտոն էր տալիս ու ասում՝ միասին դուրս գանք այս փոսից։ Շատ արդյունավետ չէր այդ կառավարությունը․ թիմային ոգի չկար, իրար խանգարում էին, երբեմն աջ ձեռքը չգիտեր, թե ինչ էր անում ձախը։ Պրոֆեսիոնալների կողքին հավաքում էին մեծաքանակ մակաբույծ դիլետանտների, ֆինանսավորում նրանց ծրագրերը։ Բայց այս գործողությունների արդյունքում Հարությունյանը որոշակիորեն չեզոքացրեց դժգոհությունը և կայունացրեց իր դիրքերը։

Հետո եկավ (կամ հրավիրեցին) Ռուբեն Վարդանյանը և սկսեց քաղաքականություն խաղալ։ Հարությունյան-Վարդանյան թիմերի (Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան և այլ ընկերներ) առճակատումը առաջին անգամ ավարտվեց Ռուբեն Վարդանյանի հրաժարականով, երկրորդ անգամ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականով։

Ի տարբերություն շատ-շատերի՝ Արայիկ Հարությունյանը խոսում էր հանրության լայն շերտերի հետ և ներկայացնում էր երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Մյուս կողմից էլ, կարծես, հաճոյանում էր այդ հանրությանը, որը շատ հաճախ չէր ուզում լսել հնարավոր փորձանքների մասին։ Այս ամենում իր մեղքի բաժինն ուներ նաև հայաստանյան ընդդիմությունը և նրանց լրատվամիջոցները, որոնք իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար շարունակում էին մանիպուլացնել նաև Արցախի ժողովրդին։ Շատերը մինչ այդ էլ դժվարությամբ էին ընկալում, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո լրիվ այլ իրականության մեջ ենք հայտնվել։

  • Կիսվել: