ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ի՞նչ խնդիրներ են առաջացել Արցախում դեղորայքի ապահովման գործընթացում շրջափակման հետևանքով

Ի՞նչ խնդիրներ են առաջացել Արցախում դեղորայքի ապահովման գործընթացում շրջափակման հետևանքով

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը մինչև շրջափակումը ձեռք էր բերել և պահեստավորել կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների դեղամիջոցների որոշակի խմբաքանակ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնի վարիչ Նունե Բախշիյանը՝ անդրադառնալով բուժհաստատությունների դեղորայքային ապահովման հետ կապված խնդիրներին:

«Խնդիրներ կային միայն ինսուլինի առումով, որը ևս կարգավորվել է։ Քանի որ հակաէպիլեպսիայի, ասթմայի, դիալիզի թանկարժեք դեղամիջոցներ նույնպես ավելի վաղ էին գնվել ու պահեստավորվել, ուստի շրջափակման սկզբից դրանք ԱՀ առողջապահության նախարարի հրահանգով դրանք որոշակի ժամկետի համար հատկացվել են բուժհաստատություններին»,- մանրամասնել է Ն․ Բախշիյանը:

Նրա խոսքով՝ խնդիրներ են առաջացել հիվանդանոցների ամբուլատոր և ստացիոնար ծառայությունների դեղորայքի ապահովման գործընթացում, քանի որ դեղերի գնման պայմանագրերի համաձայն՝ դրանք պետք է ներմուծվեին մինչև մարտ ամիս, ինչը, սակայն, շրջափակման հետևանքով հնարավոր չի եղել:

«Խնդրի լուծման համար ԱՀ պետբյուջեից ֆինանսական միջոցեր են հատկացվել և 13 բուժհաստատության համար ձեռք է բերվել դեղորայք։ Կարգավորել ենք նաև լոգիստիկ հարցերը»,- նշել է բաժնի վարիչը՝ հավելելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից գնվել են նախարարության ներկայացրած ցանկի դեղերը և անվճար տրամադրվել հիվանդներին՝ բացառությամբ հակաուռուցքային դեղորայքի։

«Ուռուցքաբանական դիսպանսերում հաշվառված հիվանդների համար դեղորայքն էլ ձեռք է բերվել նախարարության կողմից: Ջանք ու եռանդ չենք խնայում հատկապես կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների դեղորայքը հիվանդների համար ձեռք բերելու համար։ Օգտագործում ենք ամեն մի հնարավորություն դեղորայքն անվնաս, ջերմաստիճանի ռեժիմի պահպանմամբ Արցախ հասցնելու համար։ Շրջափակմամբ պայմանավորված՝ լոգիստիկ կազմակերպչական հարցերով մեզ հետ համատեղ աշխատում և աջակցում է Հակապալարախտային դիսպանսերի դեղագետ Արմեն Մխիթարյանը»,- եզրափակել է Ն․ Բախշիյանը։

  • Կիսվել: