շաբաթ, հունվար 16
16 / 1 / 2021
Ի՞նչ է կատարվում Բերդաշենում և Վազգենաշենում. պարզաբանում է ԱՀ տարածքային կառավարման նախարարը

Ի՞նչ է կատարվում Բերդաշենում և Վազգենաշենում. պարզաբանում է ԱՀ տարածքային կառավարման նախարարը

Բերդաշենում տեղի ունեցած միջադեպը գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում և վաղը պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի կունենա դեմարկացիոն հարցերով խորհրդակցություն: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ տարածքային կառավարման նախարար Ժիրայր Միրզոյանը:

Նա նշեց, որ դեմարկացիայի հարցերով զբաղվում են Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները ռուս խաղաղապահների հետ միասին` ըստ նախանշված քարտեզի:
Ըստ քարտեզի ադրբեջանական կողմին են անցնում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս բնակավայրերը և մինչ այժմ այդ սկզբունքը չի խախտվել:

Ինչ վերաբերվում է կոնկրետ Բերդաշենին, ապա այստեղ խոսքը գնում է ոչ մեծ գյուղատնտեսական նշանակության հողակտորների մասին, որոնք ըստ ներկայիս քարտեզի պետք է անցնեն ադրբեջանական կողմին, սակայն ըստ բնակիչներ, նրանք այդ հողատարածքներից օգտվել են նաև սովետական ժամանակաշրջանում: Այդ իսկ պատճառով վաղը կառավարությունում տեղի կունենա խորհրդակցություն և ստեղծված իրավիճակում պարզություն կմտցվի:

Ըստ նախարարի դեմարկացիայի հետ կապված կան այլ խնդիրներ ևս. «Շատ դեպքերում ադրբեջանական կողմին անցած տարածքներով են անցնում հայկական կողմին մնացած բնակավայրերի ենթակառուցվածքները, օրինակ կապի մալուխներ և այլն, և ադրբեջանցիները վնասում են դրանք»:

Մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր է ծագած խնդիրները լուծել, նախարարը տվեց դրական պատասխան, նշելով, որ ռուս խաղաղապահները շատ կոնստրուկտիվ են տրամադրված ծագող խնդիրները լուծելու հարցում:

Նախարարը պարզաբանեց նաև օրերս Վազգենաշենում տեղի ունեցած միջադեպը: Ըստ նրա` գյուղի բնակիչները դեռ երկու օր առաջ են զգուշացված եղել, որպեսզի լքեն իրենց բնակավայրը: «Ճիշտ է մենք ասել էինք, որ կոնկրետ Վազգենաշենի պահով պետք է մինչև վերջ բանակցենք, բայց և զգուշացրել էինք բնակիչներին լքել բնակավայրը, հետագայում, այն մեր վերահսկողության տակ պահելու պարագայում, վերադառնալու պայմանով: Որոշ բնակիչներ լքել էին գյուղը, որոշներն էլ տեսնելով, որ ՊԲ ստորաբաժանումը դիրքավորվել է բնակավայրի մոտակայքում, որոշել էին այդուհանդերձ մնալ գյուղում, հետագայում տեղի է ունեցել այդ միջադեպը»:

Մեր դիտարկմանը, որ մամուլում հաճախ են հնչում մեղադրանքներ, որ բնակիչները տարհանման հետ կապված խնդիրները լուծում են իրենց ուժերով և պետությունից ոչ մի աջակցություն չկա, նախարարը չհամաձայնեց: «Գուցե թերացումներ կան, բայց ասել, որ պետությունը ոչինչ չի անում ճիշտ չէ: Այն բնակիչների տարհանումը, որոնք չունեն տրանսպորտային միջոցներ, իրականացնում է պետությունը, իսկ նրանք ովքեր ունեն տրանսպորտային միջոցներ, պետությունը տարհանումը կազմակերպելու համար համապատասխան գումար է հատկացնում»,- պարզաբանեց նախարարը:

Բարձրացված հարցերի վերաբերյալ մեզ չհաջողվեց ստանալ ՊԲ խոսնակ Սուրեն Սարումյանի պարզաբանումը, քանզի նրա հեռախոսահամարը ողջ օրվա ընթացքում անհասանելի էր: Ի դեպ, Սարումյանի հեռախոսահամարը պարբերաբար է լինում անհասանելի, կամ նա ընդհանրապես չի պատասխանում հեռախոսազանգերի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: