Ի հեճուկս Ադրբեջանում ու ՀՀ-ում նստած չուզողների՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը գնալով ավելի ու ավելի է միջազգային աջակցություն ստանում. Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգալրյանը սեպտեմբերի 29-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում բանախոսել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ կապված հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության կողմից, և որին բանախոսել են նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելն ու Նիկոլա Վալդերը և միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Փոլ Ուիլյամսը: Այս մասին Բեգլարյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ի հեճուկս Ադրբեջանում ու Հայաստանում նստած չուզողների՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը գնալով ավելի ու ավելի միջազգային աջակցություն է ստանում: Ցավալին այն է, որ այդ հարցը փորձում է փակել հատկապես ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով գլխավոր պատասխանատուն է դրա կյանքի կոչման համար:
Հիմնարար իրավունքները ոչ թե վիճարկում են կամ առերևույթ «անիրատեսականության» ստվեր են նետում դրանց վրա, այլ՝ պայքարում են իրավունքների համար: Իսկ սեփական իրավունքների համար չպայքարողներին ոչ ոք ո՛չ հարգում է, ո՛չ էլ օգնում: Մեր վերադարձը իրատեսական է, սակայն այլ պայմաններում ու միջավայրում, որին պետք է պատրաստվել տևական ներքին ու արտաքին պայքարով:
Վերոնշյալ միջոցառման ելույթիս տեքստը հասանելի է այս հղմամբ՝
Իսկ միջոցառման տեսագրությունը՝ այս հղմամբ՝
https://www.youtube.com/live/tQ5a1BJDImk»,-գրել է նա:


