հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հուսով ենք՝ պայմաններ կստեղծվեն, որ Ղարաբաղի բնակիչները վերադառնան իրենց տները․ Սոբհանի

Հուսով ենք՝ պայմաններ կստեղծվեն, որ Ղարաբաղի բնակիչները վերադառնան իրենց տները․ Սոբհանի

«Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Պարոն Սոբհանի, ինչպես գիտեք՝ անցած տարի Ադրբեջանը բլոկադայից հետո ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ, արցախցիները բռնի տեղահանվեցին։ Այժմ Լեռնային Ղարաբաղը, որտեղ հազարամյակներով հայեր են ապրել, հայաթափված է։ Իրանը՝ իբրև մեր տարածաշրջանի գլխավոր դերակատարներից մեկը, այս հարցի լուծումն ինչպե՞ս է տեսնում։ Պե՞տք է Ադրբեջանը հարգի արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը։ Ի վերջո, մարդիկ թողել են իրենց հայրենիքը, տունը, կարողությունները, պատմությունն ու մշակույթը:

Մեհդի Սոբհանի. - Մեր դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների իրավունքների վերաբերյալ հստակ է։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում ենք դա, բայց միևնույն ժամանակ համարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք է հաշվի առնել։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները:

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: