հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հումանիտար ի՞նչ խնդիրներ են ծառացած Արցախում. Արտակ Բեգլարյանը թեման բարձրացրել է ռուսական մամուլում

Հումանիտար ի՞նչ խնդիրներ են ծառացած Արցախում. Արտակ Բեգլարյանը թեման բարձրացրել է ռուսական մամուլում

Ռուսաստանի Դաշնությունը, բացի Հայաստանի Հանրապետությունից, միակ պետությունն է, որն ուղիղ և անմիջական հումանիտար աջակցություն է ցուցաբերում Արցախի բնակչությանը:

 Այս մասին «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ մնացած բոլոր պետությունները ոչ միայն աջակցել են միջնորդավորված կերպով՝ հիմնականում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, այլև՝ նրանց աջակցության ծավալներն անհամեմատելիորեն ավելի ցածր են:

Արտակ Բեգլարյանը մանրամասնել է, որ ռուսական կողմի ցուցաբերած աջակցությունը եղել է բազմաբնույթ՝ ենթակառուցվածքների վերականգնումից ու սարքավորումների տրամադրումից մինչև առաջին անհրաժեշտության պարագաների բաժանում ու հոգեբանական ծառայություններ: Առանձնահատուկ ուշադրության են արժանի չպայթած զինամթեքի հայտնաբերման ու ոչնչացման մեծածավալ աշխատանքները, որոնք փրկում են կյանքեր:

«Ես այդ աշխատանքների արժեքը շատ ավելի լավ գիտեմ, քանի որ ինքս կորցրել եմ տեսողությունս մանուկ հասակում 1990-ականների պատերազմից հետո մնացած ադրբեջանական ականի պայթյունի հետևանքով:

ՌԴ-ն առայսօր էլ շարունակում է հումանիտար բեռների առաքումն Արցախ, որի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը: Այնուամենայնիվ, քանի որ մեր բնակչության հումանիտար ու զարգացման կարիքները շատ ավելին են, քան Հայաստանի Հանրապետության, հայկական Սփյուռքի, Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ կողմից ցուցաբերվող աջակցությունը, խիստ կարևոր է, որ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունները օր առաջ գործունեություն ծավալեն Արցախում՝ առանց ենթարկվելու ադրբեջանական անհիմն ճնշումներին ու սպառնալիքներին: Ի դեպ, հիշեցնեմ, որ նրանց մուտքի վերաբերյալ հատուկ կետ կար պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության մեջ, բայց առայսօր այդ կետը նույնպես կյանքի չի կոչվել ադրբեջանական արհեստական խոչընդոտների պատճառով»,- ասել է ԱՀ պետական նախարարը:

Բեգլարյանի ներկայացմամբ՝ հումանիտար բնույթի խնդիրները կարելի է բաժանել երկու հիմնական մասի՝ պատերազմի հետևանքով առաջացած հրատապ խնդիրներ և ավելի երկարաժամկետ խնդիրներ:

«Հարկ է ընդգծել նաև գերիների վերադարձի ու անհետ կորածների ճակատագրերի պարզման հետ կապված դժվարությունները: Առայսօր Ադրբեջանը պատանդի կարգավիճակով պահում է տասնյակ հայ գերիներ՝ չնայած միջազգային իրավունքով ու եռակողմ հայտարարությամբ ունեցած պարտավորությանը անմիջապես վերադարձնելու նրանց: Հարյուրավոր անհետ կորած քաղաքացիական և զինվորական անձանց ճակատագրեր մնում են չպարզված, և մեր որոնողական խմբերը երբեմն-երբեմն հնարավորություն են ստանում աճյուններ որոնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Ավելի երկարաժամկետ հումանիտար խնդիրները բազմազան են՝ առողջապահության ու կրթության որակի ու մատչելիության մակարդակի բարձրացում, մանկապարտեզների հասանելիություն բոլոր երեխաների համար, բնակչության զբաղվածության և տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացում, հաշմանդամների ու վիրավորների լրիվ ինտեգրում հասարակության մեջ և այլն, և այլն:

Մենք նպատակ ունենք բոլոր խնդիրներին լուծում տալ դրանց առաջնահերթությունների ու մեր հնարավորությունների հիման վրա՝ ակտիվորեն ներգրավելով բոլոր գործընկերներին ու աջակիցներին այդ գործում: Հեշտ պայմաններում չենք, սակայն վստահ ու վճռական ենք մեր ընտրած ճանապարհի արդարացիության ու արդյունավետության մեջ»,- եզրափակել է Բեգլարյանը:

  • Կիսվել: