հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է 2 տուն (լուսանկարներ)

Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է 2 տուն (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 18:37-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Արմենավան թաղամասում միաժամանակ 2 բնակարան է այրվում, հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱՊԾ-ից:
 
Կանչը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 3 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ:
 
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Համբարձումյան 29 հասցեում՝ դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհը անմիջապես տարածվել է նաև հարևանությամբ գտնվող առանձնատանը:
 
Հրշեջ փրկարարները գործադրել են բոլոր ջանքերը և մարել կրակը:
Ամբողջությամբ այրվել է Վ.Համբարձումյան 29 հասցեի տունը, մասնակի՝ հարևան բնակարանը:
 
Նշենք, որ դեպքի վայր են ժամանել նաև ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻՊԾ Ստեփանակերտի քաղաքային վարչության և բաժնի պատասխանատուները, Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմը՝ քաղաքապետի գլխավորությամբ, «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը, «Արցախգազ» և «Արցախէներգո» և «Ջրմուղ կոյուղի» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչները:
 
Բռնկված հրդեհից ոչ ոք չի տուժել:
 
Դեպքի ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
 
 
 
 
 
 

  • Կիսվել: