հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հնարավոր չէ, որ Հայաստանը ձեռքերը լվա Արցախից. Դավիթ Բաբայան

Հնարավոր չէ, որ Հայաստանը ձեռքերը լվա Արցախից. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի հետ Արցախը չի բանակցում, Ադրբեջանի հետ կան շփումներ, բայց դրանք տեխնիկական բնույթ են կրում ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

«Բայց դրանք բանակցություններ չեն, Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հետ բանակցել: Նրանք երբ ասում են՝ եկեք բանակցենք, իրենց տեսլականը տարբերվում է մերից: Իրենց պատկերացմամբ, իրենք պետք է բանակցեն աբորիգենների հետ, որոնք ներողություն պետք է խնդրեն, ծնկաչոք գնան եւ ասեն՝ ղալաթ ենք արել: Մեզ համար դա ընդունելի չէ»,-ասաց նա:

Անդրադառնալով հայտարարություններին, թե Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Դա հնարավոր չէ: Մենք ԱԺ-ում հանդիպումներ ենք ունենալու բոլոր խմբակցությունների հետ: Առջին հանդիպումը եղել է ՔՊ-ի, այնուհետեւ մյուս երկու խմբակցությունների հետ ենք հանդիպելու: ՔՊ-ի հետ հանդիպմանը իրենք պաշտոնապես հայտարարել են, որ Արցախի հարցը միշտ լինելու է կենտրոնում, եւ Հայաստանը երբեք ձեռքները չի լվալու Արցախից:  Սա կարեւոր մեսիջ է: Ես հասկանում եմ, որ ներքաղաքական պայքար է, անհամաձայնություններ կան եւ դա բնական է ժողովրդավարական երկրի համար, բայց Արցախի շուրջ մենք պետք է ունենանք միասնական մոտեցում»:

  • Կիսվել: