չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Հիմնանորոգվել է Մարտունու շրջանի Քերթ համայնքի Կոմիտաս Հակոբյանի անվան դպրոցի շենքը

Հիմնանորոգվել է Մարտունու շրջանի Քերթ համայնքի Կոմիտաս Հակոբյանի անվան դպրոցի շենքը

Հիմնանորոգվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Քերթ համայնքի Կոմիտաս Հակոբյանի անվան դպրոցի շենքը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Քերթ համայնքի Կ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ստելլա Ղուկասյանը՝հավելելով, որ հիմնանորոգումն իրականացվել է ռուսաստանաբնակ բարերար Աշոտ Ջիվանյանի հովանավորությամբ» «Վերանորոգվել է շենքի տանիքը, փոխվել են դռներն ու պատուհանները, իրականացվել՝ արտաքին ու ներքին հարդարման աշխատանքներ, կառուցվել են արտաքին հիմնապատեր և սանհանգույց»,-մանրամասնել է կրթօջախի տնօրենը՝ նշելով, որ հիմնանորոգված դպրոցի վերաբացումը նախատեսվում է նոյեմբերի 25-ին:
 
«Հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2019 թվականին: Այնուհետև՝ ընդհատվել էին արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով, իսկ ավարտից անմիջապես հետո վերսկսվել: Դպրոցի վերաբացումը հատուկ նախատեսվել է Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը»,-ընդգծել է մեր զրուցակիցը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր մասնակցությունն են ունեցել դպրոցի նորոգման ու բարեկարգման գործում:
 
Անդրադառնալով Քերթի կրթօջախի ուսումնական ձեռքբերումներին ու աշակերտների թվին, Ս. Ղուկասյանը հայտնել է, որ այս ուսումնական տարում աշակերտների թիվն աճել է: Այստեղ սովորում են նաև Քարահունջ և Կավահան համայնքների երեխաները:
 
Դպրոցում գործում է ավտոդպրոց, Ճարտարի արվեստի դպրոցի մասնաճյուղը, երգի, պարի , նկարչության, ըմբշամարտի խմբակներ: Առաջիկայում Քերթի դպրոցում նախատեսում են նաև այգեգործություն և մեղվաբուծություն սովորեցնել աշակերտներին: Տնօրենը կարևորել է «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագրով աշխատող ուսուցիչների գործունեությունը: Նրա խոսքով՝ Վիտալի Պետրոսյանը և Արև Պետրոսյանը ցուցաբերել են մեթոդական օգնություն, ձեռնամուխ են եղել բացօթյա դասարանի կառուցմանը և բացել «Ընթերցասերների ակումբ»:
 
Խոսելով խնդիրներից, Ս. Ղուկասյանը նշել է մարզադահլիճի ու մարզահրապարակի անբարեկարգ վիճակը, ինչպես նաև դպրոցում կահավորման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: