երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ նորընտիր պաշտպանը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում. քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հրատապ հարցեր

ՀՀ ՄԻՊ նորընտիր պաշտպանը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում. քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հրատապ հարցեր

Մարտի 4-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությանը:

Հայաստանի օմբուդսմենին նախ ընդունել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Նա շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջև փոխգործակցության հետ կապված հարցեր: Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ շուրջօրյա կապի մեջ է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ, ու հավաստիացրել է, որ դիտարկումների, խախտումների արձանագրման, միջազգային ատյաններում արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում էլ ավելի են սերտացնելու կապերը:

Հանդիպմանը ներկա Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է գործող ծրագրերը շարունակելու անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորել են պատերազմի ընթացքում արցախյան փորձը և ՄԻՊ գրասենյակի ակտիվացման անհրաժեշտությունը հետպատերազմյան իրողություններում:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների ու գլխադասային հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:

Խորհրդարանականներն ընդգծել են այն հանգամանքը, որ Հայաստանի նոր օմբուդսմենն իր առաջին այցը կատարել է հենց Արցախ: Նրանք բարձրացրել են մարդու իրավունքներին առնչվող հրատապ հարցեր: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Մարտակերտի շրջանում տարածքային ստորաբաժանում ունենալու անհրաժեշտության մասին է խոսել: Քրիստիննե Գրիգորյանն էլ Արցախում համատեղ համաժողով հրավիրելու մտադրության մասին է բարձրաձայնել:

Պատվիրակության կազմում Արցախ ժամանած Հայաստանի ՄԻՊ գրասենյակի պատասխանատուները ներկայացրել են իրենց փորձն ու կարևոր այս ճակատում Արցախի իրենց գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

  • Կիսվել: