երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում են Արցախյան հարցը փակելու համար.  Բեգլարյան

ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում են Արցախյան հարցը փակելու համար. Բեգլարյան

ԱԳՆ-ն արձանագրում է, որ իրենց արտաքին քաղաքական օրակարգում չկա արցախցիների իրավունքների պաշտպանության հարց: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ ԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից։ Բեգլարյանը հավելեց, որ դա խայտառակ հայտարարություն է:

Նա, մասնավորապես, ասաց. «ԱԳՆ-ն փորձում է մեղքը գցել բոլորի վրա եւ ոչ մի պատասխանատվություն չվերցնել: Արցախյան շարժումը որեւէ մեկը չի կարող փակել, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, Արցախյան շարժման առաջին շահառուն Արցախի ժողովուրդն է: Խիստ անցանկալի ու դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում են Արցախյան հարցը փակելու համար: Հնարավորինս լայն համախմբում պետք է լինի Արցախյան օրակարգի շուրջ եւ իշխանությունների վրա մեծ ճնշում պիտի լինի, որ հանցավոր քայլեր չանեն Արցախյան հարցը փակելու ուղղությամբ»:

Նշենք, որ ԱԳՆ-ից, մասնավորապես, նշել էին. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։

 

  • Կիսվել: