ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ԱԺ-ն Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի հարցը կքննարկի փակ նիստում. կմասնակցեն փոխվարչապետն ու ԱԳ նախարարը

ՀՀ ԱԺ-ն Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի հարցը կքննարկի փակ նիստում. կմասնակցեն փոխվարչապետն ու ԱԳ նախարարը

ՀՀ ազգային ժողովում «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում կանցկացվի փակ ռեժիմով:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հրատապ թեմայով քննարկումը կանցկացվի մարտի 22-ի երրորդ հիմնական նիստում:
 
Քննարկում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր պատգամավորները:
 
«Հայաստան» խմբակցությունից Արծվին Մինասյանը հիշեցրեց՝ պատգամավորներն առաջարկել էին, որ ԱԺ ղեկավարությունը ջանքեր գործադրի կառավարության երկու պաշտոնատար անձանց ներգրավելու այդ քննարկմանը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ներգրավվելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
 
Ռուբինյանը դրական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ ընդդիմության առաջարկով ջանքերը գործադրվել են, և ԱԳ նախարարն ու փոխվարչապետը ներկա կլինեն նիստին որպես զեկուցող:
 
Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում, ապա առաջարկեց առաջարկը քվեարկել:
 
Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա ընդգծեց, որ հրատապ թեման, որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց, հանրության լայն շրջանակների է հետաքրքրում, ուստի ճիշտ կլինի քննարկումը բաց իրականացնել: «Եթե կան այնպիսի նուրբ հատվածներ, որոնք պարունակում են որոշակի պետական կամ ծառայողական գաղտնիք, կարելի է այդ մասը փակ անցկացնել, բայց ոչ ամբողջ նիստը»,-ասաց նա:  
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց`հարցը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս է հանրային լայն հետաքրքրություն ներկայացնում: «Այս հարցի քննարկումները  կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին ու Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք բաց և ուղիղ ռեժիմով չենք կարող քննարկել՝ հասկանալի պատճառներով, քանի որ լայն հանրությունները ևս կարող են հետևել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՔՊ-ն շահագրգռված է այդ հարցի քննարկմամբ:
 
Հարցը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 66 կողմ, 18 դեմ, 1 ձեռնպահ ձայներ: Արմեն Ռուստամյանն առաջարկեց, որ նիստին ներկա լինեն նաև Երևանում գտվող արցախցի պատգամավորները: Ռուբինյանն էլ պատասխանեց, որ աշխատանքային կարգով այդ հարցը կքննարկեն:

  • Կիսվել: