կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Ստեփանակերտի ԲԿ, հանդիպել ԱՀ նախագահի հետ

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Ստեփանակերտի ԲԿ, հանդիպել ԱՀ նախագահի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է:
 
Ստեփանակերտում Երևանից ժամանած հյուրերին դիմավորել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: 
 
Կողմերը քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահության համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին, քննարկել հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
 
Նախարար Ավանեսյանը եղել է Ստեփանակերտի բժշկական կենտրոնում, ապա այցելել ԱՀ ԱՆ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը նախարարին ծանոթացրել է հաստատության հագեցվածությանն ու պացիենտների բուժման ընթացքին: Այնուհետև նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
 
Հանդիպմանը քննարկվել են պետությունների առողջապահության ոլորտների համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Մարտիրոսյանն ընդգծել է ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների միջև գործակցության բարձր մակարդակը, ինչը, հատկապես, արտահայտվել է պատերազմի ընթացքում և հաջողությամբ շարունակվում է:
 
 
Հագեցած օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, ում շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:
 

  • Կիսվել: