շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-Ադրբեջան բանակցային կամ ենթադրյալ բանակցային գործընթացում կան մի քանի ուղղություններ, որոնցով ունենք առաջընթաց. Միրզոյան

ՀՀ-Ադրբեջան բանակցային կամ ենթադրյալ բանակցային գործընթացում կան մի քանի ուղղություններ, որոնցով ունենք առաջընթաց. Միրզոյան

Հայաստան-Ադրբեջան բանակցային կամ ենթադրյալ բանակցային սեղանին կա մի քանի ուղղություն, որոնցով արդեն իսկ որոշակի առաջընթաց է գրանցվել, և կան ուղղություններ, որտեղ դիրքորոշումները կարող են կամ հնարավորություն ունեն համընկնելու։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով այն մասին, թե ինչպիսին են հայկական կողմի պատկերացումները խաղաղության վերաբերյալ:

՛՛Հայաստան- Ադրբեջան բանակցային կամ ենթադրյալ բանակցային սեղանին դրվածը բավականին թափանցիկ և հրապարակային է, և կա մի քանի ուղղություն, որոնցով արդեն իսկ ունենք որոշակի առաջընթաց և կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են կամ շանս ունեն համընկնելու։

Օրինակ՝ սահմանազատման և սահմանագծման, անվտանգային հարցերով արդեն որոշակի առաջընթաց կա։ Տեղյակ եք, որ երեկ փոխվարչապետերը և նրանց գլխավորած հանձնաժողովները հանդիպել են միմյանց հետ Հայաստան-Ադրբեջան սահմանին և առաջին հանդիպմանը քննարկվել են աշխատանքային և մեթոդական հարցերը։ Կա պայմանավորվածություն մյուս հանդիպումը կազմակերպելու Մոսկվայում։ Անշուշտ, որոշակի պատկերացումներ կան՛՛։

Միրզոյանի խոսքով՝ մեկ այլ ուղղություն տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման մասին է, և այստեղ ևս որոշակի պատկերացումների համընկնումներ կան։

՛՛Այս մասին բազմիցս խոսել եմ և կարող եմ վերահաստատել, որ բոլոր վերաբացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և այն երկրների օրենսդրություններով, որոնցով անցնում են։ Կան էլի համընկնումներ, և այս առումով ես լավատես եմ՛՛,-հավելեց նա։

ԱԳ նախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ՛՛Զանգեզուրի միջանցքն՛՛ այն տրամաբանությամբ, որով շրջանառվում էր տարի ու կես առաջ և որով ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել, Հայաստանի համար անընդունելի է և, կարծես թե, կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու։

Խոսելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին՝ Միրզոյանը նշեց, որ առայժմ բանակցություններ են բանակցությունների մասին։

՛՛Այստեղ կողմերը փորձում են հասկանալ պարամետրերը, կառուցվածքը, ձևաչափը և այլն։ Մենք այստեղ ունենք մեր հստակ դիրքորոշումները, Ադրբեջանն ունի իր դիրքորոշումները։ Այս կամ այն միջնորդները ժամանակ առ ժամանակ արտահայտում են իրենց դիրքորոշումները։ Այդ դիրքորոշումներն ամենևին միշտ չէ, որ համընկնում են կամ շատ ավելի հաճախ չեն համընկնում, քան համընկնում են, բայց բանակցությունները նաև այսպիսի հարցեր լուծելու համար են՛՛,-նշեց ԱԳ նախարարը:

  • Կիսվել: