հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայկ Խանումյանը Լորան Վոքիեն է ներկայացրել Արցախում ստեղծված վիճակը

Հայկ Խանումյանը Լորան Վոքիեն է ներկայացրել Արցախում ստեղծված վիճակը

2022թ. սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն ընդունել է արցախյան պատվիրակությանը։

 

ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը ներկայացրել է Արցախում ստեղծված վիճակը, պատմել Ադրբեջանի կողմից սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության հրետակոծության և հոգեբանական ճնշումների մասին, շեշտել, որ էթնիկ զտումից խուսափելու միակ տարբերակն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է և նրա պետականության ամրապնդումը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել շրջանի կողմից Արցախում ծրագրերի հնարավոր իրականացմանը։

 

Հանդիպումից հետո շրջանի ղեկավարը պատվիրակության համար շրջայց է կազմակերպել Լիոնի Թումո կենտրոնում, որից հետո տեղի է ունեցել Արցախի կամերային նվագախմբի համերգը։

Բացման խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, նախարար Հայկ Խանումյանը և շրջանի ղեկավար Լորան Վոքիեն։ Նախարար Խանումյանն իր խոսքում նշել է, որ ինքնորոշման իրավունք ունեն բոլոր ժողովուրդները, սակայն վտանգված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պարտականություն է միջազգային հանրության համար` շնորհակալություն հայտնելով Օվերն֊Ռոն֊Ալպ շրջանին` Արցախին աջակցելու համար։

Օվերն-Ռոն-Ալպ շրջանն ունի 8 միլիոն բնակչություն, արդյունաբերական կարևոր շրջան է, տնտեսական հզորությամբ Ֆրանսիայի 2-րդ, իսկ Եվրոպայի՝ 5-րդ շրջանն է։

 

  • Կիսվել: