շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը պատրա՞ստ է քաղաքական պատասխանատվություն ստանձնել Արցախի համար․ Արման Բաբաջանյան

Հայաստանը պատրա՞ստ է քաղաքական պատասխանատվություն ստանձնել Արցախի համար․ Արման Բաբաջանյան

Ստեփանակերտում քաղաքի մուտքից մինչև Եղբայրական գերեզման տանող ճանապարհին հայկական դրոշները փոխարինվել են ռուսականով։ Այս մասին ԱԺ նիստում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Սրան նախորդել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը, որտեղ ըստ էության մեզ վերաբերող շատ կարևոր պնդումներ եղան։ Պարզվեց, որ ռուսական կողմի ընկալմամբ՝ պատերազմի ամբողջ պատասխանատուն հայկական կողմն է, Հայաստանն է, պարզվեց նաև, որ Ռուսաստանը՝ որպես արժանապատիվ ռազմավարական գործընկեր, պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը և այդ հարցը փոխանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթություն։ Եվ այս իմաստով Հայաստանը շարունակում է դրսից սպասել պատասխաններ, որոնք հստակեցման կարիք ունեն։ Եվ կարծում եմ՝ այստեղ Ազգային ժողովը շատ կարևոր անելիք ունի, որովհետև անորոշությունն իսկապես կործանարար է»,- ասաց նա։

Ըստ Բաբաջանյանի՝ առնվազն բանաձևով ՀՀ ԱԺ-ն պետք է իր վերաբերմունքը և պատկերացումը  ներկայացնի համայն հայությանը, թե մենք ինչ ենք ի վերջո պատկերացնում Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ «Մենք շարունակո՞ւմ ենք մնալ արդյոք Արցախի անվտանգության երաշխավոր, թե՞ ոչ։ Համենայնդեպս, որևէ մեկը Հայաստանից չի հայտարարել, որ մենք այդ կարևոր պարտականությունն այլևս չենք իրականացնում։ Ալիևն ասում է՝ չկա Արցախի Հանրապետություն, ռուսները կարծես թե համակարծիք են այդ պնդման հետ, Մինսկի խումբը դեռևս կենդանության նշաններ ցույց չի տալիս, որպեսզի մեզ համար պարզ լինի, թե իրենք ինչ են ծրագրել Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Իսկ Հայաստանն առհասարակ որևէ բան պատրաստվո՞ւմ է այս ուղղությամբ հայտարարել, թե ոչ։ Ի՞նչ կարգավիճակում են մարդիկ շարունակելու ապրել Արցախում, ի՞նչ անձնագրեր են ունենալու մեր հայրենակիցները, ո՞վ է ապահովելու սեփականության և ներդրումների անձեռնմխելիությունը։ Մենք չենք կարող այս հարցերի վերաբերյալ կարծիք չունենալ և ձևացնել, թե այստեղ շատ ավելի կարևոր հարցեր ենք քննարկում։ Հայաստանը պատրա՞ստ է քաղաքական պատասխանատվություն ստանձնել Արցախի համար և Հայաստանի հազարավոր քաղաքացիների համար, Հայաստանի ու Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր խիզախ նահատակների հիշատակի համար»,- ասաց Արման Բաբաջանյանը։

  • Կիսվել: