շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայաստանն ԱԶԲ-ից 250 մլն դոլար վարկ է վերցնում 27 տարով՝ արցախցիների բնակապահովման ծրագրի համար

Հայաստանն ԱԶԲ-ից 250 մլն դոլար վարկ է վերցնում 27 տարով՝ արցախցիների բնակապահովման ծրագրի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 30–ի նիստում հավանության տվեց «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, որով Հայաստանն Ասիական զարգացման բանկից նոր վարկ է ստանում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման պետական ծրագրի իրականացումը շարունակելու համար։

Ըստ հիմնավորման՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Հիմք ընդունելով այս տվյալներն ու տեմպերը՝ կառավարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը։

250 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկը Հայաստանին տրամադրվելու է 27 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետ՝ 10 տարի։ Վարկի տոկոսադրույքը լողացող է։ Մայր գումարը ենթակա է մարման 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 2035թ․ դեկտեմբերի 15-ից մինչև 2052թ. հունիսի 15-ը։

Հավելենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։

  • Կիսվել: