շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն».  Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել

«Հայաստանի Հանրապետություն». Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում` հայ բնակչության հանդեպ կազմակերպված զանգվածային ջարդերի 30-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած լսումներից հետո, երեկ ԱՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ պատմական այդ ողբերգության տարելիցի առիթով Ստեփանակերտում անցկացվել են քննարկումներ:

Բաքվից փախստական, ամերիկահայ հասարակական գործիչ, իրավաբան, գրող Աննա Աստվածատուրյան-Տարկուտը 12 տարեկան դեռ չկար, երբ 1990-ի Բաքվի հունվարյան ջարդերից մազապուրծ ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ: Երեք տասնյակ է անցել մղձավանջային այդ օրերից, սակայն հայերի սպանդի մասին հրեշավոր տեսարանները, նրա խոստովանությամբ, հաճախ են արթնանում հիշողություններում եւ անդառնալի կորստի, ցավի ու վշտի զգացումը երկար ժամանակ չի լքում իրեն: Հատկանշական է, որ Աննայի հարազատները 100 տարվա ընթացքում երեք անգամ վերապրել են ցեղասպանության ու տեղահանման սահմռկեցուցիչ ժամանակները: Արեւմտյան Հայաստանից գաղթած պապի ընտանիքը հրաշքով փրկվել ու հայտնվել է Նախիջեւանում, ապա բնակություն հաստատել հայաշատ Բաքվում, ուր դարձյալ ենթարկվել է ցեղասպանության: Նրա կարծիքով, հանցագործությունը վաղեմություն չունի եւ, հավատացած է, որ «վաղ թե ուշ, հայերի ցեղասպանության  կազմակերպիչներն ու իրական մարդասպանները կանգնելու են միջազգային դատարանի առաջ»:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ,  քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, ով, ի դեպ, ծննդով նույնպես Բաքվից է ու երկար տարիներ զբաղվում է ադրբեջանահայության իրավունքների պաշտպանության հարցերով, բազմիցս է համոզվել, որ Ադրբեջանում իրականացվող ջարդերը, ինչպես նախորդ դարասկզբին, այնպես էլ` դարավերջին, պայմանավորված են «պանթուրքիզմի գաղափարախոսության պահանջներով»: Ըստ քաղաքագետի, առայսօր ճշգրիտ եւ համոզիչ չի ներկայացված հանրությանը Ադրբեջանի քաղաքական ցեղասպան նկարագիրը: Ա. Մանասյանի կարծիքով, ժողովուրդների, մասնավորապես` հայերի ոչնչացման եւ թրքացման քաղաքականությունը սկսվել է շատ վաղուց` միջնադարում: Իսկ այն թյուր ըմբռնումը, թե իբրեւ հայերի ցեղասպանությունն իրականցվել է անցյալ դարի 1915-1923 թվականներին, միանգամայն անհեթեթություն է: Գիտնականի հավաստմամբ, ինչպես ուսումնասիրություններն են ապացուցում, հայ ժողովրդի նկատմամբ իրագործվածը միանշանակ ցեղասպանություն է` տարբեր էտապներում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: