Հայաստանի ցատկացանցի բաց առաջնությունից արցախցի մասնակիցները հաղթանակով են վերադարձել
Հուլիսի18-19-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ցատկացանցի բաց առաջնությունը, որին իր մասնակցությունն է ունեցել Արցախի Հանրապետության ցատկացանցի հավաքական թիմը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ցատկացանցի հավաքական թիմի մարզիչ Հայկ Ումրոյանը:
«Հայաստանի Հանրապետության ցատկացանցի բաց առաջնությանը մեր երեխաները ամենայն պատրաստվածությամբ են մասնակցել և գրավել պատվավոր հորիզոնականներ. Սարգսյան Միլենան և Ծատրյան Արեգը՝ 1-ին, Մանգասարյան Մարիան՝ 2-րդ, Աղաջանյան Անգելինան և Գրիգորյան Նարեկը՝ 3-րդ հորիզոնականներ»,- նշել է մարզիչը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ նրանք չունեն սեփական սպորտդահլիճ, որտեղ կանցկացնեն իրենց պարապմունքներն ու մարզումները:
«Այժմ մարզումներն անց ենք կացնում 1-ին դպրոցի սպորտդահլիճում: Ես համոզված եմ, որ սեփական սպորտդահլիճ ունենալու դեպքում մենք կգրանցենք էլ ավելի բարձր արդյունքներ»,- ընդգծել է նա: