ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հաստատվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և/կամ կոմունալ ծառայությունների ծախսերի համար սոցաջակցության միջոցառումը և տրամադրման կարգը

Հաստատվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և/կամ կոմունալ ծառայությունների ծախսերի համար սոցաջակցության միջոցառումը և տրամադրման կարգը

Գործադիրը հաստատել է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և/կամ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Ըստ հիմնավորման՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարիք ունեն դրամական տեսքով պարբերական սոցիալական աջակցության՝ ժամանակավոր կացարանում բնակվելու, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ծախսերի կատարման համար: Ըստ այդմ, նախատեսվում է նրանց ցուցաբերել սոցիալական աջակցություն 6 ամիս ժամկետով՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

Միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. մարտ ամիսը՝ ներառյալ, ամիսների համար։ Դրամական աջակցություն չի վճարվի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող կամ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձանց՝ այդ հաստատությունում կամ տարածքներում բնակվելու ժամանակահատվածում։ 2023 թ. հոկտեմբեր ամսվա համար ամսական դրամական աջակցությունը կվճարվի անկախ անձի համար դիմում-հայտարարություն ներկայացված լինելու կամ անձի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվելու հանգամանքից։ 2023 թ. նոյեմբեր և հաջորդ ամիսների համար դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար շահառուն մինչև 2024 թ. մարտի 15-ը՝ ներառյալ, socservice.am կայքէջից էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնի դիմում և իր հետ փաստացի նույն բնակության վայրի հասցեում բնակվող մյուս շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ, ժամանակավոր կացարանի էլեկտրաէներգիայի աբոնենտի համարը:

  • Կիսվել: