երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հարությունագոմերում վերանորոգվել են համայնքային շենք-շինություններ ու ասֆալտապատվել է գյուղամիջյան ճանապարհահատվածը

Հարությունագոմերում վերանորոգվել են համայնքային շենք-շինություններ ու ասֆալտապատվել է գյուղամիջյան ճանապարհահատվածը

Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքում գրեթե 60-70 տոկոսով արդեն իրականացվել են համայնքային որոշ շենք-շինությունների վերանորոգման ու գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման ծրագրերը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարությունագոմերի համայնքապետ Հենրիկ Սարգսյանը՝ հավելելով, որ պատերազմի հետևանքով գյուղը վնասներ չի կրել:

«Ասֆալտապատվել է մինչև գյուղի կենտրոն ընկած ճանապարհահատվածը, վերանորոգվել բուժկետը, դպրոցի շենքը, որտեղ 75 աշակերտ է սովորում: Ունենք մանկապարտեզ՝ 15 նախադպրոցական երեխաների համար»,- արդեն իրականացված ծրագրերը մանրամասնեց համայնքի ղեկավարը:

Անդրադառնալով բնակիչների զբաղմունքին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հիմնականում աշխատում են համայնքային հաստատություններում, «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետրական ընկերությունում, «Արցախբանկ»-ի մասնաճյուղում, ոստիկանական համակարգում:

Բասցի այդ, զբաղվում են նաև հողագործությամբ ու անասնապահությամբ: Համայնքը հյուրընկալել է տեղահանված 6 ընտանիք, որոնք զբաղվում են բանջարանոցային մշակությամբ:

Ինչ վերաբերում է Հարությունագոմերի խնդիրներին, ապա ըստ Հ. Սարգսյանի, առաջնային է խմելու և ոռոգման ջրի ապահովումը, մանկական խաղահրապարակի կառուցումը, վերանորոգման կարիք ունի համայնքային կենտրոնի շենքը, ինչպես նաև գյուղը չունի փողոցների լուսավորության ցանց:

  • Կիսվել: