ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հանուն Հադրութ»-ի ՀԿ-ն բողոքի խաղաղ ակցիա կիրականացնի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ

«Հանուն Հադրութ»-ի ՀԿ-ն բողոքի խաղաղ ակցիա կիրականացնի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ

Հայաստանի Հանրապետությունում ապաստանած տեղահանված հադրութեցիների կողմից ստեղծված «Հանուն Հադրութ»-ի հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն Արցախի մշակութային ժառանգության, ապրիլի 19-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի խաղաղ ակցիա է նախատեսվում:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հանուն Հադրութի» ՀԿ վարչության անդամ Իրա Թամրազյանը՝ մանրամասնելով, որ «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան» կարգախոսով՝ խաղաղ ակցիային մասնակցելու են հրավիրում նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր հասարակական կազմակերպություններին։
 
«Ակցիայի ժամանակ ցուցադրելու ենք նաև Հադրութի մանկապատանեկան կենտրոնի սաների  ձեռագործ աշխատանքները, որոնք պատկերում են մեր եկեղեցիներն ու հուշարձանները: Հայաստանում ժամանակավորապես ապաստան գտած արցախցիների պահանջները՝ հայ ռազմագերիների ազատությունն է, Արդբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ջարդի կանխումն ու փախստականների իրավունքների պաշտպանությունը»,-մանրամասնեց Թամրազյանը:

  • Կիսվել: