ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանրապետությունում արձանագրված 24 հանցագործությունից 21-ն արդեն բացահայտվել է. ՆԳՆ

Հանրապետությունում արձանագրված 24 հանցագործությունից 21-ն արդեն բացահայտվել է. ՆԳՆ

Սեպտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 38 հաղորդում, որից 24-ը՝ հանցագործությունների վերաբերյալ:

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Ոստիկանության ծառայողների համակարգված աշխատանքի շնորհիվ՝ դրանցից 21-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ստացված 2 հաղորդումները: Շաբաթվա ընթացքում գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 3, խարդախության, կողոպուտի, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր:

Քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 6 դեպք: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք է կամովին հանձել 3 քաղաքացի:

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ՝ ՆԳ նախարարությունը համագործակցում է Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր գերատեսչությունների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, նախորդ շաբաթների համեմատ զգալիորեն նվազել է ՃՏՊ դեպքերը:

Սեպտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, որից 13-ը՝ նյութական վնասով, 2-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի:

Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 11 դեպք, 8 վարորդ եղել է անսթափ վիճակում, 175-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

ՆԳ նախարարության ծառայողներն Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա համակարգված աշխատանք:

Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկաններն ապահովում են կայուն հասարակական կարգ ու կանոն: Հետադարձ կապ`1-02։

  • Կիսվել: