ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համեմատություն չպետք է անցկացնել Արցախում և Ադրբեջանում կայացած ընտրությունների միջև․ Իոաննիսյան

Համեմատություն չպետք է անցկացնել Արցախում և Ադրբեջանում կայացած ընտրությունների միջև․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն ամփոփել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլում դիտորդական առաքելության արդյունքները:

Դիտորդական կարճաժամկետ առաքելության ղեկավար Հերմինե Առաքելյանը նշեց, որ ընրությունների առաջին փուլում դիտարկվել էին 49 տեղամասեր բոլոր շրջաններում, 113 դիտորդներով 9 շրջիկ խմբեր են աշխատել։ Ընտրության երկրորդ փուլում, սակայն, առաքելության կազմը մի փոքր կրճատվել է։

«Այս անգամ մենք հանդես եկանք 65 դիտորդով և հիմնականում իրականացրինք տեսանկարահանում և հեռարձակում իրականացող 48 ընտրատեղամասերի դիտարկում օնլայն հեռարձակման միջոցով։ Նաև ունեինք շրջիկ խմբեր, որոնք այցելում էին ամենախնդրահարույց տեղամասեր»,- տեղեկացրեց Առաքելյանը։

Առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ եթե ընտրությունների առաջին փուլում քաղաքային համայնքներում մասնակցությունը եղել է 70 տոկոս, իսկ գյուղական տեղամասերում՝ 76 տոկոս, երկրորդ փուլում քաղաքային տեղամասերում մասնակցությունը կազմել է 35 տոկոս, գյուղականներում՝ 56 տոկոս։ 

Իոաննիսյանի խոսքով՝ որևէ համեմատություն չպետք է անցկացնել Արցախում և Ադրբեջանում կայացած ընտրությունների միջև, քանի որ դրանք որակապես բացարձակ տարբեր հարթություններում  են։ 

«Բնականաբար, ընտրություններն Արցախում շատ ավելի ժողովրդավարական էին, քան Ադրբեջանում փետրվարին տեղի ունեցած ընտրությունները»,- նշեց Իոաննիսյանը։

  • Կիսվել: