շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Համաճարակաբանական վիճակն Արցախում. մասնագետը մանրամասներ է հաղորդում

Համաճարակաբանական վիճակն Արցախում. մասնագետը մանրամասներ է հաղորդում

Վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում նկատելի է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության դեպքերի աճ:

Այդ առթիվ «Արցախպրես»-ը զրուցել է ՀԲԿ համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի հետ: 

Մասնագետի հավաստմամբ՝ փաստը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիները անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում պատվաստման նկատմամբ և չեն պահպանում հիգիենայի կանոնները: «Նորից ուզում եմ իրազեկել , որ հանրապետության բուժհաստատություններում շարունակվում է քաղաքացիների պատվաստման գործընթացը։

Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին պատվաստումից 21 օր հետո կատարվում է երկրորդ պատվաստումը։ Մինչ այսօր առաջին փուլում պատվաստվել է 536 հոգի, իսկ երկրորդ փուլում՝ 412: Պատվաստվածները որևէ բողոք չեն ունեցել։

Պատվաստումները կատարվում են ամեն օր՝ ժամը 10: 00-ից մինչև 13:00-ն, ռուսական արտադրության «Sputnik V» պատվաստանյութով»,- նշել է Օ. Գրիգորյանը և հավելել, որ եթե առաջին պատվաստումից 21 օր հետո քաղաքացին որևէ պատճառով չի կարողացել ներկայանալ երկրորդ պատվաստմանը, վտանգավոր ոչինչ չկա. թույլ են տալիս երկրորդ պատվաստումը երկարաձգել 6-10 օրով։ Համաճարակաբանության կենտրոնի տնօրենը հորդորում է մարդկանց հատկապես արձակուրդային շրջանում պատվաստվել։

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ առավել զգոն պետք է լինեն 60 տարեկանից բարձր, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք, ,բուժաշխատողները, սոցիալական ծառայության աշխատողները։ "Դա հենց իրենց առողջության համար է արվում, դա օգնում է պաշտպանվել քովիդի ծանր հետևանքներից"֊, ընդգծեց նա։

  • Կիսվել: