չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Համապատասխան ավտոբուսներ կտրամադրվեն. Տիգրան Խաչատրյանը՝ սեփական տրանսպորտային միջոց չունեցողներին Ստեփանակերտից տեղափոխելու մասին

Համապատասխան ավտոբուսներ կտրամադրվեն. Տիգրան Խաչատրյանը՝ սեփական տրանսպորտային միջոց չունեցողներին Ստեփանակերտից տեղափոխելու մասին

Մենք տեղեկացված ենք Ղարաբաղի մեր գործընկերներից, որ բավականին մեծ թվով մարդիկ կան, որոնք սեփական տրանսպորտային միջոցներ չունենալու պատճառով դեռևս գտնվում են Ստեփանակերտում: Այդ մասին Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստին ասաց հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Ունենք պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք՝ համապատասխան ավտոբուսներ տրամադրելով: Արդեն մեր կողմից Գորիսում մոբիլիզացված է մեծ տարողությամբ 35 ավտոբուս, որոնք դեռևս չեն շարժվում դեպի Ստեփանակերտ: Ռուս խաղաղապահների հետ համաձայնություն կա, որ ուղեկցությունը կապահովեն, բայց սպասում ենք, որպեսզի ճանապարհի ծանրաբեռնվածությանը փոքր-ինչ թեթևանա, որ կարողանանք այդ տեղափոխությունը կազմակերպել այն անձանց համար, որոնք դեռևս Ստեփանակերտում են:

Ինչի ենք մենք դեռևս հապաղում: Որովհետև ճանապարհին, միջին հաշվով, մինչև երեկ երեկոյան՝ ուշ, միջին մեքենան, որ հասնում էր դեպի Կոռնիձորի անցակետ, ճանապարհին է եղել 30-35 ժամ: Եթե հիմա մենք այդ ավտոբուսներն ուղղորդենք դեպի Ստեփանակերտ, ստիպված կլինենք հերթի մեջ ավելի քան 12 ժամ գտնվել այդտեղ: Սպասում ենք, որ երթևեկությունը ավելի թեթևանա, որ այդ անցումը կատարվի: Եվ մեկ անգամով հնարավոր չի լինելու այդ ամբողջը կազմակերպել, երևի երկու անգամ պետք է այդ տեղափոխությունն արվի, երկու մասով: Դա է նաև պատճառը, որ փորձում ենք, ըստ էության, որ որոշակի թեթևություն առաջանա ճանապարհին, որ կարողանանք դա արագ կազմակերպել»,- ասաց նա:

  • Կիսվել: