ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հակաօրինական գործողությունների համար միջազգային որևէ աջակցություն ստանալու նպատակով Բաքվի և Անկարայի ձեռնարկած բոլոր փորձերը ձախողվել են. ԱՀ ԱԳՆ

Հակաօրինական գործողությունների համար միջազգային որևէ աջակցություն ստանալու նպատակով Բաքվի և Անկարայի ձեռնարկած բոլոր փորձերը ձախողվել են. ԱՀ ԱԳՆ

ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ քննարկումների մասին։

ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ստորև.
 
«Գոհունակությամբ ենք նշում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ քննարկումների արդյունքներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են ուժի գործադրումը և իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերին:
 
Անվտանգության խորհրդի անդամների՝ մամուլի համար արված այս հայտարարությունը վերջակետ դրեց Ադրբեջանի իշխանությունների շահարկումներին՝ կապված Արցախի Հանրապետության դեմ ռազմական ուժ կիրառելու նրանց ենթադրյալ իրավունքի հետ: Ակնհայտ է, որ իրենց միջազգային հակաօրինական գործողությունների համար միջազգային որևէ աջակցություն ստանալու նպատակով Բաքվի և Անկարայի ձեռնարկած բոլոր փորձերն ավարտվել են լիակատար ձախողմամբ:
 
Վերստին նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք սպառնում են Հարավային Կովկասում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ: Բաքվին և Անկարային պատասխանատվության կանչելով` միջազգային հանրությունն անհրաժեշտ խթան կհաղորդի լարվածության թուլացմանը և պայմաններ կստեղծի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»:

  • Կիսվել: