երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հադրութեցի մանկավարժը փորձում է անել հնարավորը, որ ցավն ու կորուստը չխաթարեն աշակերտների ուսումը

Հադրութեցի մանկավարժը փորձում է անել հնարավորը, որ ցավն ու կորուստը չխաթարեն աշակերտների ուսումը

Հոկտեմբերի 5֊ի՝ Ուսուցչի տոնի առթիվ, «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Հադրութ քաղաքի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Գայանե Նարիմանյանի հետ:

 
Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցն Արցախյան երրորդ պատերազմից հետո Ստեփանակերտում վերաբացվեց Ստեփանակերտում:
 
Կրթօջախի դասվար Գայանե Նարիմանյանն այսօր էլ շարունակում է դասավանդել սերունդներ կրթել ու դաստիարակել:
 
«Ուսուցչի առաքելությունը վաղվա օրվա համար արժանի քաղաքացի կրթելն ու դաստիարակելն է, որն ինչպես պատասխանատու, այնպես էլ՝ հաճելի է։ Տասը տարուց ավելի է, հավատարիմ այդ առաքելությանը, կրթում եմ դեպի գիտելիքի աշխարհն առաջին քայլերը կատարող աշակերտների, և այս տարիների ընթացքում գիտակցել եմ, որ ուսուցիչը պետք է կարողանա ճիշտ գնահատել ցանկացած իրավիճակ, երեխաներին սերմանի լավատեսություն,ինչը հատկապես շատ կարևոր է հետպատերազմյան Արցախում։ Հադրութեցի երեխաները քաջ գիտակցում են, որ կորցրածը վերադարձնելու առաքելություն ունեն։ Եվ ես ինքս, որպես մանկավարժ,կարողանում եմ կիրառել իմ մեթոդները, որպեսզի ցավը, կորուստը չխաթարի նրանց ուսումնական գործընթացը»,-ասել է Գ. Նարիմանյանը։
 
Նա նշում է, որ ուսուցիչը միշտ մնա իր կոչման բարձունքում, հասկանա ու աջակցի աշակերտին, լինի լավ հոգեբան։ Շատ կարևոր է, որ աշակերտը երբեք չհիասթափվի ուսուցչից։ Մեր զրուցակիցը նաև տոնի առթիվ շնորհավորել է իր գործընկերներին:

«Արցախում դասավանդող ուսուցիչներին մաղթում եմ համբերություն, խաղաղ երկնքի տակ բեղմնավոր աշխատանք, նոր մեթոդների ձեռքբերում, միշտ ձգտեն կատարյալին և լավատեսություն, քանզի այսօր այն մեզ շատ է պետք»,-ասել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան դպրոցի դասվարը։

  • Կիսվել: