երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար

ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար

ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում վերադարձի իրավունքի վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկման ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:

«Վերադարձի իրավունքը որպես հստակ իրավունք միջազգային իրավական համակարգում շատ տեղերում չէ, որ ամրագրված է: Որոշակի նշումներ կան դրա մասին 1966 թվականի քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրում, ինչպես նաև մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում:

Հիմա կլինի, թե չի լինի, դա այլ հանգամանք է, բացի այդ գոյություն ունի նաև Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ վճիռը, որտեղ դրա մասին խոսվում է: Այդտեղ մեջբերումը կա, և այստեղ քաղաքացիության ընդունում-չընդունումը որևէ ազդեցություն այս թեմատիկայի վրա չունի, և դա հստակ է»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ բազմաթիվ մարդիկ պաշտոնավարել են 070 կոդով անձնագրով, Արմեն Ղազարյանն ասա. «Պետական պաշտոններ զբաղեցնող այն անձինք, ովքեր ունեցել են 070-ով անձնագրեր, այդտեղ առավել վտանգավոր է դատավորի հանգամանքը, որովհետև նա իրականացրել է արդարադատություն Հայաստանի Հանրապետության անունից, և այստեղ մենք խնդիր ունենք: Սակայն մենք այս հարցը բազմաթիվ իրավաբանների հետ քննարկել ենք, այս թվում նաև բազմաթիվ դատավորների, ՍԴ դատավորների, ԲԴԽ գործընկերների հետ: Այստեղ գործում է արդար դատարանի սկզբունքը, այսինքն գործել է պատմուճանը և ոչ թե անձը, այս լոգիկան է, այս մեկնաբանությունն է: 

Ըստ այդմ մենք զուտ երկրի իրավական անվտանգությունից ելնելով այս հարցին անդրադարձ չենք կատարում, որովհետև այս հարցին անդրադարձ կատարելու պարագայում մենք կունենանք շատ-շատ ավելի խնդրահարույց իրավիճակներ, որոնց մասին ես մանավանդ հանրային միջավայրում չէի ցանկանա բարձրաձայնել»:

  • Կիսվել: