շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում» ծրագրի շրջանակներում այցեր են կազմակերպվել

«Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում» ծրագրի շրջանակներում այցեր են կազմակերպվել

Առաջնային բուժօգնության օղակի աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով «Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում» ծրագրի շրջանակներում շրջանային բուժհիմնարկների կողմից կազմակերպվել է 172 գյուղական այց, որի արդյունքում կատարվել են բնակչության մասնագիտացված բժշկական խորհրդատվություններ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
 
«Իրականցվել են առաջնային բուժօգնության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական բնակչության կարիքներին: ՀՀ-ից և արտասահմանյան տարբեր երկրներից ժամանած մասնագետների կողմից, Արցախի առողջապահության նախարարության մասնագետների հետ միասին, «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակներում ինչպես Ստեփանակերտ քաղաքի, այնպես էլ Հանրապետության տարբեր շրջանների բուժհիմնարկներում կատարվել է տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների ընդունելություն, այդ թվում` 1301 խորհրդատվություն, 1757 հետազոտություն և 186 վիրահատություն: ԱՀ առողջապահության նախարարության և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն, ի աջակցություն համակարգի հոգեբանների, լրացուցիչ մասնագետներ են ներառվել առողջապահության համակարգ՝ բնակչությանը հոգեբանական ծառայություն տրամադրելու նպատակով, որի ֆինանսավորումը իրականացվել է կազմակերպության կողմից», - նշել է Մ. Հայրիյանը:

  • Կիսվել: