երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գրպանի արցախյան հողն էլ չօգնեց․ 44-ամյա Կարինեն բռնագաղթի ճամփին մահացավ անհեթեթ պատճառով

Գրպանի արցախյան հողն էլ չօգնեց․ 44-ամյա Կարինեն բռնագաղթի ճամփին մահացավ անհեթեթ պատճառով

Արցախից բռնի տեղահանվածներից ոմանք գաղթի ճանապարհին ամենաթանկ մարդկանց կորցրին։ Այդպես պատահեց Մարգարյանների ընտանիքի հետ. չարաբաստիկ պատահարի հետևանքով 3 անչափահաս տղաների մայրը՝ Կարինեն, մահացավ՝ մնալով կիլոմետրեր ձգվող ավտոշարասյան մեքենաներից երկուսի արանքում։ Գրում է Sputnik Armenian:
 
Վարձակալած բնակարանի մի անկյունում դաշնամուրն է, դրա վրա կողք կողքի երկու լուսանկար՝ 44-ամյա Կարինեինն ու սկեսրայրինը։ Նկարների մոտ շոկոլադներ են. Կարինեի 3 որդիներն են (14-ամյա Կարենը, 12-ամյա Արտյոմն ու 10-ամյա Դմիտրին) իրենց կերած յուրաքանչյուր տեսակի կոնֆետից մայրիկի ու պապիկի բաժինն առանձնացնում, հետո գերեզմաններ տանում։ Կարինեի նկարի կողքին նաև նրա սիրելի օծանելիքն է, ամուսնուց նվեր ստացած տիկնիկը։ 3 որդիների մայր Կարինկան (այդպես էին բոլորը նրան անվանում) երազում էր նաև դուստր ունենալու մասին...
 
Портреты Карине и Микаэла Маргаряна - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
«Ինձանից միշտ տիկնիկ էր ուզում, ասում էի՝ այ աղջիկ, ամոթ է, էնքան ուզեց, վերջը առա։ 42 տարեկան էր»,- պատմում է ամուսինը` Արայիկ Մարգարյանը։
 
Перед изображением Карине дети положили ее любимые конфеты, духи и куклу - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Մարգարյանների ընտանիքը 1989-ին բռնագաղթել է Բաքվից, երկար տարիներ Ստեփանակերտում ապրում էին վարձով, մինչև կարողացան իրենց սեփական անկյունը ստեղծել։ 3-սենյականոց բնակարանում ապրում էին 10 հոգով՝ Արայիկն ու Կարինեն՝ 3 որդիների հետ, Արայիկի ծնողներն ու քույրը՝ Գայանեն՝ 2 դուստրերի հետ։ Բազմամարդ ընտանիքում երեկոյան սեղան չէին նստում, մինչև 10-ն էլ ներկա չլինեին։
 
Արայիկը 2003 թվականից աշխատում էր ականազերծման կենտրոնում, տարիներ շարունակ 90-ականներից մնացած զենք-զինամթերքն էին վնասազերծում, իսկ 44-օրյայից հետո հիմնականում արդեն նոր՝ իսրայելական արտադրության զինամթերքի ականազերծումն էին իրականացնում։ Կարինեն չէր աշխատում, զբաղվում էր 3 որդիների դաստիարակությամբ։ Կյանքը սիրող ու ամեն մանրուքից տոն ստեղծող կինը շատ էր սիրում սուրճ և շոկոլադ։ Անգամ բլոկադայի օրերին, երբ ամեն ինչի սղություն կար, ամուսինը՝ Արայիկն ամեն ինչ անում էր, որ Կարինկայի սուրճն ու կոնֆետը չպակասեն։
 
Муж трагически погибшей Карине Араик Маргарян - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Սեպտեմբերի 19-ին Կարինեի 44-ամյակն էր։ Ավանդույթի համաձայն տորթ էր թխել, քաղցրացրել դոշաբով։ Արայիկից ծննդյան անակնալը սուրճն էր, որն այդ օրերին իսկապես նվեր էր։ Կեսգիշերին ծնունդը նշելուց ժամեր անց սկսվեց պատերազմը, ծննդյան օրվա տորթը, տանը եղած-չեղած սնունդը վերցրեցին ու ընտանիքով նկուղ իջան։ Հեռախոսի մեջ ցույց են տալիս այդ օրվա կադրերը։ Այն, որ մի օր այս պահերը երջանիկների շարքից են համարելու, ոչ մեկի մտքով չէր անցնի։

Կարինեի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը, ընտանիքը ծնունդը նշում է նկուղում
 
Սեպտեմբերի 27-ին, արդեն, հավաքեցին իրերն ու բռնեցին գաղթի ճամփան։
«Ամբողջ ճանապարհին Կարինկան լացում էր, չէր ուզում դուրս գալ։ Ստիպեց, որ մտնենք Ստեփանակերտի եկեղեցի, հող վերցրեց, լցրեց գրպանները․․․ Բայց էդ հողն էլ չօգնեց»,- գլխահակ պատմում է Արայիկը։
 
Դեպի Հայաստան գաղթականների ավտոշարասյունը կիլոմետրեր էր ձգվում։
«Ճանապարհի համար էլ սուրճ էր վերցրել, որ կանգնում էինք, փոքր գազի վրա եփում էր, մյուսներին էլ էր բաժանում։ Մոտը կոնֆետներ էլ ուներ պահած»։
Արդեն 28-ի գիշերն էր, հոգնել էին, Արայիկը որոշեց մի փոքր քնել, հանգստանալ։ Վեր թռավ հարվածից։ Սկզբում չհասկացավ՝ ինչ է կատարվում, մինչև միջնեկ որդին՝ Արտյոմն ասաց՝ «մաման գետնին ա»։
Артем - средний сын Карине и Араика - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
«Դուրս էր եկել երևի մաքուր օդ շնչելու, արդեն գալիս էր մեքենան նստելու, հետևի «ԿամԱԶ»–ը եկել, խփել էր, մնացել էր երկու մեքենաների արանքում։ «ԿամԱԶ»–ի շոֆերն էլ մեջը չէր, իջել էր ծխելու, փորձել ա մեքենան նստել, չի հասցրել։ Անկապ, անիմաստ․․․ Մի քանի րոպե ձեռքերումս էր․․․Ու, վերջ...»։
 
Մոր ողբերգական մահը երեխաներից գաղտնի են պահել, ասել են՝ վատ է, պետք է հիվանդանոց հասցնել, երեխաներին տեղափոխել են առջևից ընթացող ծանոթի մեքենան, Կարինեի մարմինը դրել մեքենան ու շարունակել գաղթի ճամփան։
 
«Ճանապարհին բացատրում էինք վիճակը, խնդրում առաջ թողնել։ Լինում էին մարդիկ, որ չէին հավատում, գալիս, իրենց աչքով էին տեսնում»,- դժոխային ճամփան վերհիշում է Արայիկը։
Հաջորդ կանգառի ժամանակ Արայիկի հայրն է դուրս գալիս մեքենայից, ինքնազգացողությունը վատանում է, ընկնում է, կոտրվածքներ ստանում։
 
«Ամենից պինդ մարդն էլ կարող էր կոտրվել էդ վիճակում։ Ինքը հիվանդ էր, գլուխն էլ ֆռռացել էր, ընկել էր»։
 
Հասնում են Գորիս․ այստեղից հորը շտապօգնության մեքենայով տեղափոխում են Երևան, մյուսները մնում են մոտ 5 օր, քանի որ քննչական գործողություններ էին իրականացվում Կարինեի մահվան փաստով։
 
«Էդ վիճակում չես իմանում, թե քեզ որ կողմ գցես։ Չգիտեմ, ասում են՝ ճակատագիր, կուզեմ էդ գրողին տեսնել, հարցնել՝ էդ խի՞ ես տենց բան գրել, ո՞նց ես տենց բան մտածել։ Էրեխեքին մինչև վերջ չէինք ասում եղածը, ասում էինք՝ հիվանդանոցում է, թաղման օրն ասեցինք։ Ստեփանակերտից Կարինկայի վերցրած հողն էլ գերեզմանի վրա լցրեցինք...»։
 
Երևան գալուց օրեր անց մահացավ նաև Արայիկի հայրը։
 
«Ստեփանակերտից դուրս եկանք 10-ով, մնացինք 8-ով»։
 
Անչափահաս տղաները հիմա հայրիկի, տատիկի ու հորաքրոջ խնամքին են։ Արայիկն առայժմ չի աշխատում, չի էլ պատկերացնում, թե որտեղից այնպիսի գործ գտնի, որ կարողանա և՛ տան վարձը վճարել (230 հազար դրամ), և՛ ընտանիքի մասին հոգ տանել։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
 
 

  • Կիսվել: