երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան ռուսական թեքմամբ դպրոցում հնչեց Վերջին զանգը

Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան ռուսական թեքմամբ դպրոցում հնչեց Վերջին զանգը

Այսօր` մայիսի 27-ին, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 3 ռուսական թեքմամբ դպրոցում 20 շրջանավարտների համար հնչել է Վերջին զանգը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը ելույթի իր խոսքում շրջանավարտների կյանքի այս շրջափուլը կարեւոր ու պատասխանատու է համարել։

«Մենք անցանք պատերազմի միջով, այն մեր հոգիներում թողել է ծանր սպիներ: Չնայաց այս ամենին` մենք պետք է շարունակենք ապրել և ստանանք լավ կրթություն: Իսկ նոր կյանքում և' ուրախություն, և' հաղթանակ, և' հիասթափություններ կլինեն։ Բայց ամենակարեւորը այդ ամենի միջով անցնելիս մարդ մնալն է»,-նշել է դպրոցի տնօրենը:

Ավարտական դասարանի դասղեկ Գրետա Հայրապետյանի խոսքով` այս սերնդին բաժին են հասել բազմաթիվ փորձություններ, որոնք իր սաները պատվով են հաղթահարել։ Նա ապրելու, արարելու և երբեք չհանձնվելու կոչ արեց իր սաներին։

Միջոցառմանը ներկա ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խոսքով` վերջին շրջանում բոլոր խոսքերը, անկախ առիթից, առնչվում են պատերազմին:

«Երբ տասնամյակներ առաջ ավարտում էի դպրոցը, մեզ ճանապարհում էր մի սերունդ , որը հաղթանակ էր տարել: Ցավոք սրտի, մեր սերունդն այդ բարոյական իրավունքով չէ, որ ճանապարհում է մերօրյա դպրոցականներին։ Սա ծանր բեռ է, որ մեր սերնդի ուսերին է։ Ես մաղթում եմ, որ կրթօջախներում Արցախի օկուպացված համայնքներից հյուրընկալված աշակերտները կրկին վերադառնան իրենց դպրոցներ: Այսօր երջանկությամբ և ուրախությամբ նոր կյանք թևակոխող շրջանավարտները պետք է իմանան, որ մենք հարատև պատերազմի մեջ ենք, իսկ այդ պատերազմը ոչ միայն զենքով է, այլև գիտելիքով, որովհետև զենքը ինքնին գիտելիքահեն է»,-առանձնանշել է նախարարը։

  • Կիսվել: