երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

2022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները վերահսկել են օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:

Ինչպես հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 65 հաղորդում։ Դրանցից 35-ն արդեն բացահայտվել է:
 
Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, որից 20-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։
 
Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 22 վարորդ, 15-ը եղել է անսթափ վիճակում, 312 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
ՆԳ նախարարությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է.
 
Հաշվի առնելով ձյան տեղումները և դրա հետ ստեղծված իրավիճակը՝ դժբախտ ելքով դեպքերն ու արտակարգ պատահարները բացառելու նպատակով` խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, իսկ այս օրերին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 1, մարմնական վնասվածք հասցնելու 4, անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 2 դեպք և նախկինում կատարված 3 հանցագործություն:
 
Մարտի 7-ից սկսած Ադրբեջանն Արցախի սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ պարբերաբար խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կիրառելով ռազմական, տնտեսական ու հոգեբանական սադրանքներ։ Խրամորթում վիրավորվել; է քաղաքացիական անձ, Խնապատում ականանետի արկն ընկել է դպրոցից մոտ 300 մետր հեռավորության վրա։
 
Գրանցված դեպքերի առթիվ նախապատրաստվել են նյութեր։ Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնում Հանրապետության ամբողջ տարածքում։
 

  • Կիսվել: