շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

2022 թվականի հունիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 68 հաղորդում, որից 47-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։ Դրանցից 42-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նախորդ շաբաթվա համեմատ հանցագործությունների թիվն ընդհանուր առմամբ նվազել է, փոխարենն ավելացել է մարմանական վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումները: Ոստիկանության ծառայողների կողմից բոլորը բացահայտվել են: Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ ստացված 5 հաղորդումներից բացահայտվել է 2-ը:
 
Հանցագործությունները բացահայտելու և հանցատեսակները նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ձեռնարկում են հստակ միջոցառումներ, բնակչության հետ իրականացնելով պրոֆիլակտիկ աշխատանքներ:
 
Ավելացել են համակարգչային հանցագործության դեպքերը: Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում այս մասով 2 հաղորդում է ստացվել: Համագործակցելով ՀՀ գործընկերների հետ, ոստիկանությունն իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ, ևս մեկ անգամ հորդորելով բնակչությանը. կիբեռհանցագործություններից չտուժելու և նյութական վնասներ չկրելու համար՝ ցուցաբերել զգոնություն:
 
ՔՀ վարչությունը համագործակցելով Ստեփանակերտ քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է թմրանյութի ապօրինի շրջանառության 2 դեպք և բացահայտել նախկինում կատարված 4 հանցագործություն:
 
Բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի զենք-ռազմամթերք կամովին հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 7 քաղաքացի:
 
Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ՃՏՊ դեպքերը: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, որից 19-ը՝ նյութական վնասով, 2-ը՝ մարմնական:
 
Ճանապարհապարեկային ծառայության կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 23 դեպք, 29 վարորդ եղել է անսթափ վիճակում, 202-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Ընդհանուր առմամբ՝ շաբաթվա տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 8 քաղաքացի։
Ոստիկանության շրջանային և տարածքային ստորաբաժանումների ծառայողները շաբաթվա ընթացքում ուժեղացաված ռեժիմով իրականացրել են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը:

  • Կիսվել: