հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ անցած շաբաթ ստացվել է ընդհանուր 52 հաղորդում, 34-ն արդեն բացահայտվել է։

 Ինչպես տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, որից 13-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։
 
Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 7 վարորդ, 10-ը եղել է անսթափ վիճակում, 45 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին.
 
Ցուցաբերել պատասխանատվություն և զգոնություն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները:
 
Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության և մարմնական վնասվածք հասցնելու, խուլիգանության մեկական դեպքեր։ Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված, ՆԳՆ Ոստիկանության և ԱԻ պետական ծառայության շրջանային բաժինները բնակչության կողքին են՝ շուրջօրյա ծառայությամբ:
 
Բնակչության ազատ տեղաշարժը և համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների հանգիստ կազմակերպումն ապահովելու նպատակով, իրականացվում է 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Կենտրոնական ու շրջանային բաժնի ծառայողները պարբերաբար իրականացնում են այցեր ու հանդիպումներ համայնքների բնակիչների հետ:
 
Ոստիկանության առջև դրված խնդիրների կատարման, ծառայողների կողմից ամենօրյա օպերատիվ-ծառայողական պարտականությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի հրամանով համակարգի բոլոր ստորաբաժանումներում անց են կացվում ծառայողական պարապմունքներ:
 
Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով և նպատակ ունենալով նախականխել ու իրավախախտումներն ու հանցագործությունները, ԱՀ ոստիկանության ստորաբաժանումներն իրականացնում են շուրջօրյա ծառայություն։

  • Կիսվել: