Արցախում գիտության միջազգային օրվա առթիվ պարգևատրման արարողություն է կազմակերպվել
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Գիտության միջազգային օրվա կապակցությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպվել է պարգևատրման արարողություն. ԱՀ նախագահի հրամանագրով՝ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը և Արցախի Գիտական կենտրոնի տնօրեն Անիտա Սարգսյանը պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալներով:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պարգևները նրանց է հանձնել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ով իր խոսքում օրվա առթիվ շնորհավորել է բոլոր գիտնականներին ու գիտաշխատողներին:

Արցախի Գիտական կենտրոնի տնօրեն Անիտա Սարգսյանը մեզ հետ զրույցում տոնի կապակցությամբ շնորհավորել է Արցախի գիտական հասարակությանը:
«Գիտությունն է զարգացած հասարակության հիմքը և մարդկության քաղաքակրթության բաղկացուցիչ մասը: Այն պետությունները, որոնք ուշադրություն են դարձնում գիտության զարգացմանը, հզոր են լինում: Եվ այս պայմաններում մենք՝ գիտական հասարակության անդամներս, պետք է մեր ներդրումն ունենանք մեր երկրի զարգացման գործում և գործենք հանուն խաղաղության: Մեր ունեցած երկրի այս մի մասնիկը պետք է հզորացնենք, որպեսզի մեր ապագայի հանդեպ արդարացի լինենք»,- նշել է Ա. Սարգսյանը և հավելել, որ կշարունակի մեծ եռանդով աշխատել՝ ի նպաստ Արցախի: