երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լուրեր են շրջանառվում, որ գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել. Աբրահամյանը՝ Արցախում գազ չլինելու մասին

Լուրեր են շրջանառվում, որ գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել. Աբրահամյանը՝ Արցախում գազ չլինելու մասին

Գիշերվանից Արցախում գազ չկա։ Առավոտյան «Արցախգազ»-ից տեղեկացրել էին, որ ՀՀ-ից Արցախ եկող գազատարը վթարվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նշել է. ՛՛Պաշտոնապես տեղեկացվել է գազատարի վթարի մասին, սակայն հաշվի առնելով վերջին օրերի ադրբեջանական սադրանքները, Արցախում ավելի շատ շրջանառվում է Ադրբեջանի միջամտության մասին, պարզ ասած, պայթեցման մասին։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ, Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերականգնողական աշխատանքներին։
Ավելին, լուրեր են շրջանառվում, որ գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել, ինչն ավելի է բարդացնելու հետագա աշխատանքները։

Այն, որ Ադրբեջանը խոչընդոտում է քաղաքացիական բնակչության սպասարկմանն ուղղված գազամատակարարման բնականոն ընթացքն արդեն իսկ ցույց է տալիս նրա՝ գազատարի վթարի մասով ունեցած շահագրգռությունը և էներգետիկ ճգնաժամ առաջացնելու հեռահար նպատակները։

Ասել, որ անսպասելի բան է տեղի ունեցել՝ միանշանակ ոչ։ Բարդություններ անընդհատ լինելու է, փակուղուց դուրս գալու հնարավորություն, շրջանցելու ելքեր միշտ էլ գտնվելու է։

Դրա համար ամուր նյարդեր, կամք և կոմպետենտ մարդիկ են պետք՛՛։

 

  • Կիսվել: