հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղարաբաղի կարգավիճակի հարցը «ոչ ակտուալ է». Ալիև

Ղարաբաղի կարգավիճակի հարցը «ոչ ակտուալ է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Արցախի կարգավիճակի հարցը ՛՛ոչ ակտուալ՛՛ է: Այս մասին նա ասել է AzTV-ին տված հարցազրույցում, հայտնում է ՛՛Սպուտնիկ Ադրբեջանը՛՛:

Ալիևը, մասնավորապես, ասել է. ՛՛Որոշ քաղաքական գործիչներ խոսում են գոյություն չունեցող կառույցի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:

Ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել` եթե որևէ մեկը ցանկանում է կարգավիճակ շնորհել մեր տարածքում ապրող հայերին, ես դեմ չեմ, բայց թող նրանք իրենց երկրում լավ տեղ գտնեն նրանց համար: Այդ տեղերը վաղուց գրավել է հայկական սփյուռքը, եթե ցանկանում են, թող այնտեղ նրանց ինքնավարություն կամ անկախություն տան: Ադրբեջանում դա չի լինի: Ուստի ուզում եմ խորհուրդ տալ նրանց. Մի նյարդայնացրեք մեզ և կարիք չկա խոսելու որևէ կարգավիճակի կամ հակամարտության մասին, որպեսզի լարվածություն չմտցնեք մեր հարաբերությունների մեջ: Եթե նրանք անեն (նման հայտարարություններ), ապա պատասխան կստանան՛՛:

Նա կրկին հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը լուծված է:

՛՛Ես պատերազմից հետո բազմիցս ասել եմ, և հիմա ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Ադրբեջանն այդ հարցը լուծել է ինքնուրույն՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ՛՛,-ասել է Ալիևը:

Ըստ նրա՝ ՛՛Ադրբեջանի տարածքում չկա տարածքային միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է՛՛:

Ալիևը շարունակել է. ՛՛Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ այս խնդրին վերադառնալու անհրաժեշտություն չկա: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, ապա դա նրա խնդիրն է՛՛:

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: