հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողություններ. Արտակ Բեգլարյան

Միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողություններ. Արտակ Բեգլարյան

 Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը հանդիպել են Բելգիայի Թագավորության Սենատի անդամ, Խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո իրագործված ադրբեջանական ռազմական հանցագործությունների, Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի հետևողական ու համակարգային կիրառման հետևանքով մարդու իրավունքների համատարած խախտումների, ենթակառուցվածքների աշխատանքը խոչընդոտելու միջոցով Արցախում բնականոն կյանքը խաթարելու ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։

Պաշտպանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր անհատներն ու կառույցները ստեղծված իրավիճակում պետք է առաջնահերթորեն հանդես գան Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի ճանաչման օրակարգով։ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն և դրա հետևանքով ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ շեշտադրելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողությունների անհրաժեշտությունը։

ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ողջունել է բելգիացի խորհրդարանականների հետ ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ Բելգիայի օրենսդիրները կօգտագործեն իրենց հնարավորություններն ու լծակները Արցախի մասին միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու և Արցախի անկախության ճանաչման գործընթացին աջակցելու համար։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան-Բելգիա» բարեկամական խմբի անդամները։

  • Կիսվել: