ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղամ Ստեփանյանն Աննա Աստվածատուրյան-Թերքոթին ներկայացրել է Արցախում առկա հումանիտար իրավիճակը

Գեղամ Ստեփանյանն Աննա Աստվածատուրյան-Թերքոթին ներկայացրել է Արցախում առկա հումանիտար իրավիճակը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ընդունել է ամերիկահայ բարերար, Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին:

Պաշտպանը ներկայացրել է Արցախում առկա հումանիտար իրավիճակը՝ շեշտադրելով այն խնդիրները, որոնց բախվում են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից բռնի տեղահանված անձինք, ինչպես նաև շփման գծին մոտիկ տեղակայված բնակավայրերում ապրող մարդիկ։ Գեղամ Ստեփանյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իրականացնել էթնիկ զտման քաղաքականություն, որը միտված է անբարենպաստ իրավիճակ ստեղծելու մարդկային կյանքի համար և մարդկանց ստիպելու լքել իրենց հայրենիքը։

Այս համատեքստում մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է համահայկական տարբեր նախաձեռնություններով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը հակազդելու անհրաժեշտությունը՝ թե՛ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության վերաբերյալ տարբեր ատյաններում պարբերաբար բարձրաձայնելով, թե՛ Արցախում կյանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ հումանիտար և զարգացման ծրագրեր իրականացնելով։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Աննա Աստվածատուրյանին Արցախում հումանիտար ծրագրերի իրականացման ու դրանց շարունակականությունը ապահովելու համար ներդրվող ջանքերի համար։

  • Կիսվել: