ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի նախագահը հյուրընկալվել է Ֆրանսիայի Սենատում

Արցախի նախագահը հյուրընկալվել է Ֆրանսիայի Սենատում

Շարունակվում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական հանդիպումները Ֆրանսիայում։ Այսօր արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են Ֆրանսիայի Սենատում։

Այս առնչությամբ Սենատի Սոցիալիստների, բնապահպանների և հանրապետականների խմբի ղեկավար Պատրիկ Կանները իր Twitter-ում գրել է. «Այսօր հանդիպել եմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոյի հետ վերահաստատել ենք մեր լիակատար աջակցությունն այդ Հանրապետության ինքնիշխանության հարգմանը, որը բախվել է ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից իրականացվող էթնիկ զտումներին»:

Հանդիպմանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև Ֆրանսիայի Սենատի մեկ այլ պատգամավոր, հայ ազգի մեծ բարեկամ Վալերի Բուայեն։ Նա մասմավորապես նշել է, որ ֆրանսիացի սենատորների համար մեծ պատիվ էր Սենատում հյուրընկալել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը։
 
Նշենք, որ այսօր արցախյան պատվիրակությունը հանդիպել էր նաև Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի հետ:
 

  • Կիսվել: