երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2020
Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդն Արցախին աջակցող հայտարարություն է ընդունել

Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդն Արցախին աջակցող հայտարարություն է ընդունել

Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդն Արցախին աջակցող հայտարարություն է ընդունել, տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից:

՛՛Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը երեկ՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում ֆրանսիայի նախագահին և կառավարությանը վերանայելու իր դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Արցախի Հանրապետությանը։

Հայտարարությունն ընդունվել է միաձայն Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նիստին՝ դեպարտամենտի խորհրդի անդամ Ժոզիան Ֆիշերի առաջարկության հիման վրա։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության հայերեն թարգմանությունը։

____

Ս. թ. հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը ծանր զինամթերքի կիրառմամբ ուժգին հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության վրա: Այս ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունեցել Տավուշի մարզում, ուղղված են եղել միջազգային ճանաչված սահմաններ ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։

Ս. թ. հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլին սպառնացել է «Մեծամորի ատոմակայանին հարվածելու հնարավորությամբ՝ Հայաստանին աղետ պատճառելով նպատակով»:

Ս. թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, որի ընթացքում թիրախավորվում են քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և խաղաղ բնակչությունը:

Այս պատերազմը բռնկվել է Թուրքիայի աջակցությամբ, որը մինչ օրս հրաժարվում է ճանաչել օսմանյան թուրքերի պատասխանատվությունը 1915 և 1916 թվականներին իրականացված ցեղասպանության հարցում: Ըստ Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի՝ Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկաններն են տեղափոխվել Ադրբեջան՝ մասնակցելու մարտերին և մահ սերմանելու Լեռնային Ղարաբաղում:

Մի քանի տասնամյակ շարունակվող և Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին հակադրող այս հակամարտության մեջ Ֆրանսիան փորձել է գտնել խաղաղ լուծում Եվրոպայի ավտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանավորության ներքո գործող Մինսկի խմբի շրջանակներում, որն այն համանախագահում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության հետ միասին:

Խաղաղության օգտին լուծումները մինչ այժմ Ֆրանսիան փնտրել է՝ ելնելով չեզոքության սկզբունքից:

Հաշվի առնելով, որ այդ չեզոքությունը հնարավոր չէ պահպանել պատերազմ նախաձեռնած Ադրբեջանի նկատմամբ, որի թիրախը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ խաղաղ բնակչությունն է,

Հաշվի առնելով, որ Թուրքիայի ռազմատենչ դիրքորոշումները՝ ի աջակցություն Ադրբեջանի, և սիրիական վարձկանների տեղափոխումը անընդունելի են ու պարունակում են տարածաշրջանային ապակայունացման ավելի մեծ վտանգ,

Հաշվի առնելով, որ բազմաթիվ բնակիչներ, մասնավորապես՝ Ստեփանակերտում, ռազմական գործողությունների պատճառով ստիպված լքել են իրենց բնակավայրերը, և կա մարտերն անհապաղ դադարեցնելու մարդասիրական անհրաժեշտություն,

Հաշվի առնելով, որ ռուսական դիվանագիտության նախաձեռնությամբ հաստատված հրադադարը, որը հոկտեմբերի 10-ին ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից, չի հարգվել,

Օ դը Սենի դեպարտամենտի խորհրդի անդամները Ֆրանսիական Հանրապետության Նախագահին և կառավարությանն են ուղղում իրենց կոչն առ այն, որ ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը և արտահայտի հետևյալ դիրքորոշումը.

Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիա կարող է դրդել Ֆրանսիային, որպեսզի վերջինս հանգամանքները քննելուց հետո դիվանագիտական ​​աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: